Շվեդիան դադարեցրել է համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ

Շվեդիայի կառավարությունում հայտնել են, որ դադարեցրել են ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, սակայն հասարակական կազմակերպությունների նախագծերի ֆինանսավորումը կշարունակվի, արտաքին առեւտրի եւ միջազգային համագործակցության նախարար Բենջամին Դուզայի այս մեկնաբանությունն է ներկայացրել Dagens Nyheter-ը։

Նախարարն ասել է, որ Շվեդիան դադարեցնում է ուղիղ համագործակցությունը Վրաստանի կառավարական գերատեսչությունների հետ, եւ այդ որոշումը ընդունվել է դեռ մինչեւ հոկտեմբերի 26-ի քվեարկությունը, երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես՝ «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։

«Խոսքը հարկային մարմինների հետ համագործակցության մասին է, ինչը մենք համարում ենք ոչ տեղին ներկա իրադրությունում»,- նշել է Բենջամին Դուզան։

Նա ավելացրել է, որ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։

«Եթե հետո պարզվի, որ Վրաստանը լրջորեն է ընկալում իր շարժումը դեպի ԵՄ եւ գնահատում է հարաբերությունները Եվրամիության հետ, Շվեդիայի դռները բաց են»,- ասել է նախարարը։

Ընդհանուր շվեդական օգնությունը Վրաստանի համար հասել է տարեկան 190 մլն շվեդական կրոնի։ 2024թ. 25 մլն կրոն (ավելի քան 2 մլն եվրո) վերաբաշխվել է քաղաքացիական հասարակության նախագծերի համար։

«Այդ միջոցներն ուղղվում են առաջին հերթին քաղաքացիական հասարակությանը ֆինանսական ռեսուրսներով եւ իրավաբանական հնարավորություններով աջակցելու համար, որպեսզի նրանք  կարողանան շարունակել աշխատել՝ չնայած մտցված օրենսդրական սահմանափակումներին»,- ասել է Բենջամին Դուզան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով