Առաջին հերթին պետք է փոխել Փաշինյանին։ Դրանից հետո, ինչպես ինձ է թվում, շատ ավելի հեշտ կլինի մտածել մնացած բոլոր հարցերի մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, երիտասարդների հետ զրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Կուսակցության առաջնորդի կարծիքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լճացում է առաջացրել ոչ միայն երիտասարդության, այլև մարդկանց մոտավորապես 25%-ի մտքերում։
«Այսօր մարդկանց մոտավորապես 25%-ը գտնվում է մոլորված վիճակում։ Դուք պետք է դա փոխեք, դուք պետք է համառորեն արտահայտեք ձեր կարծիքը, համառորեն պայքարեք, որովհետև առանց դրա, առանց ձեր պայքարի, կրկնում եմ, մեզ շատ դժվար կլինի։
Մենք պետք է առաջին քայլն անենք միասին։ Երկրորդ քայլի հարցում մի՛ կասկածեք, ես միշտ հավատարիմ եմ եղել իմ խոսքին, և հիմա էլ վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ քայլերը շատ ավելի հեշտ կլինեն», — նշել է նա։
Ըստ Սամվել Կարապետյանի, հայ ժողովուրդն ընկղմվել է ապատիայի մեջ, մարդիկ ոչինչ չեն հասկանում։
«Նրանց առավոտից երեկո կերակրում են ստով, մարդիկ իսկապես մոլորված են, մարդիկ չեն պատկերացնում իրենց վաղվա օրը, նրանք չեն պատկերացնում, որ վաղը մենք Հայաստան չենք ունենալու, բոլորը փորձում են լուծել իրենց ընթացիկ խնդիրները, սակայն մենք ազգ ենք, որը պետք է նայի ապագային, իսկ դուք պետք է ավելի շատ նայեք ապագային», — նշել է նա։

