Սեփական գրքին հակառակ. Քոչարյանի «նոր» դիրքորոշումը

Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն իսկ անդրադարձել էինք Ռոբերտ Քոչարյանի վերջին դատական նիստում հնչեցրած ուշագրավ հայտարարությանը, որտեղ նա պնդեց, թե Սերժ Սարգսյանը երբեք իր թեկնածուն չի եղել։ Այդ ժամանակ մենք մատնանշել էինք, թե ինչպիսի կոպիտ հակասություն կա այդ խոսքերի և RTVI-ին տված նրա նախկին հարցազրույցի միջև, որտեղ նա անկեղծացել էր իրավահաջորդի ընտրության համար իր զղջման մասին։

Այսօր, սակայն, հարկ ենք համարում ավելացնել ևս մեկ փաստական հիմնավորում՝ հիմնվելով հենց Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի վրա, որն էլ ավելի է խորացնում դատարանում հնչած հայտարարության հակասականությունը։

Մասնավորապես, գրքի 508-րդ էջում Քոչարյանը բացահայտ նկարագրում է նախագահական ընտրություններից առաջ Մանվել Գրիգորյանի հետ ունեցած իր զրույցը՝ նշելով. «Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է… Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների»։

Ակնհայտ է, որ գրքի այս հատվածն ուղղակիորեն հակադրվում է դատարանում հնչեցված նրա վերջին հայտարարությանը։ Եթե գրքում նա ընդունում է, որ ինքն է կայացրել Սերժ Սարգսյանին իրավահաջորդ դարձնելու որոշումը և նույնիսկ փորձել են համոզել իրեն հրաժարվել այդ մտքից, ապա այսօրվա «չեմ ընտրել» պնդումը ոչ այլ ինչ է, քան անցյալը նոր քաղաքական նպատակահարմարությանը հարմարեցնելու փորձ։

Ստացվում է՝ Քոչարյանը փորձում է «սրբագրել» իր անցյալը՝ հաշվի չառնելով, որ սեփական գրքում, ինչպես նաև նախկին հրապարակային հարցազրույցներում, վաղուց արդեն արձանագրել է բոլորովին այլ իրողություններ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրա քաղաքական հիշողությունը դարձել է չափազանց ճկուն՝ կախված դատական իրավիճակից և անձնական շահերից։

Հետաքրքիր է՝ հաջորդ անգամ ի՞նչ «նոր իրողություն» կհայտնաբերի իր իսկ կենսագրության մեջ՝ հերթական անգամ հերքելով ինքն իրեն։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է քաղաքական գործիչը գնում նման ռիսկի՝ հրապարակավ հակասելով սեփական գրքին և նախկին հայտարարություններին:

Լրագրող ՝ Լյուդմիլա Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով