Վրաստանի նախագահը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման խորհրդի ստեղծման մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է նոր խորհրդի ստեղծման մասին, որն, ըստ նրա, կզբաղվի նոր խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցով, գրում է «Новости-Грузия»-ն։

«Արդեն փաստաթուղթ է պատրաստվում, և վաղն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի՝ ընտրությունների անցկացման համար նկարագրելու են բոլոր նվազագույն պայմանները, որոնք շատ շուտով կանցկացվեն։ <> Այս նոր ընտրություններն իսկապես նոր են լինելու, նոր ուժեր, հավանաբար, կհայտնվեն։ Մենք այս ամենին պետք է պատրաստ լինենք»,- նշել է Զուրաբիշվիլին։

Նախօրեին հանրահավաքի ժամանակ նա վեց օր ժամանակ տվեց իշխող կուսակցությանը նոր ընտրությունների օրը նշանակելու համար. «Վրացական երազանքը» ծիծաղելի է անվանել այդ պահանջն ու անտեսել այն։

«Ճգնաժամն օրեցօր ուժեղանում և խորանում է, որն իշխող կուսակցությունը կա՛մ չի տեսնում, կա՛մ ավելին, ես կասեի՝ փակում է աչքերը, չի ուզում տեսնել և իրեն այնպես է պահում, կարծես ամեն ինչ լավ է։ Կարծես գլխավորը քաղաքը լուսավորելն է, կամ սուրբծննդյան գյուղ հիմնելը, կամ տոնածառ տեղադրելը կամ համերգ կազմակերպելը, այն դեպքում, երբ ոչ ոք տոնական տրամադրություն չունի: Առնվազն նույնիսկ նրանք, ովքեր իրենց հաղթող են համարում»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նախագահն ընդգծել է, որ որքան էլ իշխող կուսակցությունն աչք փակի երկրում տիրող իրավիճակի վրա, «այն չի կարող փոխել այս իրականությունը, իսկ իրականությունն այն է, ինչ մեր առջև է, այն, ինչ բոլորս տեսնում ենք, զգում ենք և պետք է ուղղենք. սա ճգնաժամ է»:

Այս պահին դեռ պարզ չէ, թե Զուրաբիշվիլին ինչպես է մտադիր գործել դեկտեմբերի 29-ին՝ Ամանորից երկու օր առաջ, երբ «Վրացական երազանքը» նշանակել է նոր նախագահի երդմնակալությունը։

Միաժամանակ Զուրաբիշվիլին այսօր հայտարարել է, որ եթե մինչև դեկտեմբերի 29-ը «Վրացական երազանք»-ի հետ նոր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, ապա դեկտեմբերի 29-ից հետո «ընտրություններին կհասնենք ռեժիմի տապալման միջոցով»։ Նա չի պարզաբանել, թե «ռեժիմի անկման» ինչ ձևի մասին է խոսքը, բայց կրկնել է, որ մտադիր չէ հրաժարական տալ նախագահի պաշտոնից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով