Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը, կարելի է ասել, հին ձայնագրության նոր կրկնություն էր․ նույն խոստումները, նույն «կոշտ» ձևակերպումները, բայց առանց իրական հիմքի։ Քոչարյանը դեռ 2021-ին էր հայտարարում, թե «կմաշեցնի իշխանությանը մինչև քոքը», բայց չմաշեցրեց ոչ իշխանությանը, ոչ Փաշինյանին։ Փաստացի՝ անցած չորս տարում մաշվեց հենց ինքը՝ իր թիմով, իր գաղափարներով և հասարակական վստահությամբ։
Երեկ նա կրկին նույն ոճով խոսեց՝ կարծես ժամանակը կանգ էր առել։ Նորից վստահ հայտարարեց, թե Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը «զրո է»։ Բայց նույնը ասում էր 2021-ի ընտրություններից առաջ էլ, երբ ստացավ ընդամենը 21 տոկոս։ Եթե անգամ այդ ժամանակ իրական հավանականությունը զրո չէր, ապա այսօր իր սեփական վերադարձի հավանականությունն է մոտ զրոյի։
Քաղաքական լիդերը, ով չկարողացավ ապացուցել իր արդյունավետությունը ընդդիմադիր դերում, այսօր փորձում է կրկին շահել ուշադրությունը նույն հին մեթոդներով՝ խոստումներով, որոնք ոչ ոք այլևս լուրջ չի ընդունում։
Կարճ ասած՝ եթե 2021-ին նա ձգտում էր մաշեցնել իշխանությանը, ապա այսօր իշխանությունն էլ չի փորձում մաշեցնել իրեն․ ժամանակն արդեն անում է այդ գործը։

