ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 25-ի նիստում դեմ քվեարկեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
ՔՊ խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանն ասաց, թե բազմաթիվ դեպքեր են եղել, որ պատգամավորները էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել. «Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ իր թիմակիցն անթույլատրելի վարքագիծ է դրսևորել։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ Քոչարյանը վարքականոն է խախտել ու պետք է քննել նրա վարքը. «Շատ լավ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեր, մենք կհասկանայինք, որ մարդն ընդունել է իր մեղքը»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։ Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել էր ներողություն խնդրել իր վարքի համար:
Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով ԱԺ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ էին դրել նախագիծը։

