Արցախյան պատերազմներին մասնակցած 7 զինվորականներ այսօր՝ հոկտեմբերի 2–ին, իրենց մեդալները, շքանշանները թողեցին կառավարության շենքի աստիճանների դիմաց։ Ակցիան ընթանում էր անձրեւի տակ։
Կառավարությունից որևէ մեկը դուրս չեկավ՝ նրանց մեդալները վերցնելու։ Զինվորականները ստիպված իրենց ծառայության, հայրենիքի համար պայքարելու, դրա դիմաց արժանացած մեդալներն ու շքանշանները դրեցին գետնին՝ կառավարության աստիճանների դիմաց։
«Սա ձեր համակարգի, ձեր քաղաքական ղեկավարության… իմաստ չկա էլ շարունակելու»,- դիմելով կառավարության շենքի դիմաց պատ կազմած ոստիկաններին՝ ասաց զինվորականներից Արմեն Պետրոսյանը։
Նախքան մեդալներից հրաժարվելը՝ նա ցույց տվեց իր մեդալներից մեկն ու հուզված ասաց. «Սա իմ ամենաթանկ մեդալն է։ Զինծառայության ժամանակ եմ ստացել, երբ հակառակորդի սպային միջդիրքային հատվածում իրեն խելոք չպահելու համար «ճանապարհեցինք իրենց տուն»։ Զորամասի հրամանատարը հպարտության խոսքեր ասաց, որոնք ես չեմ մոռանում։
Ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս»։
44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Նավասարդյանն էլ նշեց. «Ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում, իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք ու ստացել մեդալներ, շքանշաններ։ Այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք այս իշխանության վարած քաղաքականության հետ»։
44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր Ալբերտ Թադևոսյանն ասաց, որ իրենք չեն ուզում ապրել այնպիսի երկրում, որը շուտով գոյություն չի ունենալու այս իշխանության քաղաքականության պատճառով։

