Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։
Պատասխանելով ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Բաքվի հերթական պահանջների և ՀՀ-ում իշխող ուժի այն հայտարարությունների մասին հարցին, թե «ընդդիմության մեջ կգտնվեն երկրի շահերից ելնելով գործող մարդիկ»՝ Կարապետյանը սարկազմով ճշտել է՝ ի շահ ո՞ր երկրի։ Պատգամավորն ընդգծել է, որ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնությունը, իսկ Ադրբեջանի պահանջներն ապօրինի են։ «Նրանք չեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինի մեր Սահմանադրությունը։ Մենք գնում ենք խաղաղության պայմանագրի հետևից, այն պետք է, բայց այն պետք է ապագա սպառնալիքների շատ դռներ փակի։ Վստահ եղեք, որ մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են լինելու խաղաղությանը, բայց թույլ չեն տա էթնիկ փոփոխություններ։ Հարևան երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է Հայաստանի էթնիկ կազմը փոխելու մտադրության մասին։ Խոսում են «վերադարձի» մասին այն դեպքում, երբ նրանք այստեղ չեն եղել, երեխաներին սովորեցնում են «Արևմտյան Ադրբեջանի» թեզը»,- հայտարարել է Կարապետյանը՝ հիշեցնելով, որ «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնած հակասաֆարովյան օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում հարևանների կողմից գույք ձեռք բերելը սահմանափակող օրենքի բացակայությամբ։ «Վստահ եղեք, որ խաղաղությունն այնպիսին է լինելու, որ ոչ ոք չկարողանա միջամտել երկրի ներքին գործերին»,- վստահեցրել է Կարապետյանը։
Խոսելով Կոնջորյանի թեկնածության և «Հայփոստի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման մասին՝ քաղաքական գործիչը նշել է, որ տեղի է ունենում շահերի բախում։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ փոստը հասցրել է բազմակի անգամ բարձրացնել որոշակի ծառայությունների արժեքը։ «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են սակագները բարձրացել, բայց ընդ որում չկա որևէ շահույթ»,- հարցադրում է արել Կարապետյանը։ Պատասխանելով իշխանության ներկայացուցիչների սադրիչ ելույթների վերաբերյալ հարցին՝ նա նկատել է, որ քաղաքական միտքը դեռևս չի հասել քաղաքակիրթ բանավեճի։ Նրա խոսքով՝ նախընտրական հանդիպումների շրջանակում մարդիկ բողոքում էին խորհրդարանում տիրող բառապաշարից և վարքագծից։

