Երկրի կլիմայի փոփոխության հետ կապված ծայրահեղ եղանակային իրադարձությունները համաշխարհային տնտեսության վրա վերջին 10 տարիների ընթացքում արժեցել են ավելի քան 2 տրիլիոն դոլար: Այս մասին ասվում է Փարիզի Առևտրի միջազգային պալատի կայքում հրապարակված զեկույցում։
Զեկույցն ուսումնասիրում է մոտ 4000 եղանակային իրադարձություն, որոնք տեղի են ունեցել 2014-ից 2023 թվականներին և ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն են ունեցել 1,6 միլիարդ մարդու վրա: Հետազոտողները հաշվի են առել ինչպես բնակելի շենքերի, բիզնեսների և ենթակառուցվածքների ոչնչացման ուղղակի վնասը, այնպես էլ եղանակային պայմանների ազդեցությունը աշխատանքի արտադրողականության վրա:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «միայն վերջին 2 տարում համաշխարհային տնտեսական կորուստները հասել են 451 մլրդ դոլարի, ինչը 19%-ով ավելի է, քան նախորդ 8 տարիներին»։ «Վերջին տասնամյակի ապացույցները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունը ապագայի խնդիր չէ. եղանակային ծայրահեղ իրադարձությունների արդյունքում կորցրած արտադրողականությունը այժմ ազդում է տնտեսության վրա», — ասել է պալատի գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնը:
Ուսումնասիրությունն անցկացրել է Oxera խորհրդատվական ընկերությունը։ Զեկույցը հրապարակվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի 29-րդ համաժողովից առաջ, որը բացվում է երկուշաբթի օրը Բաքվում։

