Թրամփը հաստատել է Մեքսիկա ԱՄՆ զինված ուժեր ուղարկելու առաջարկը՝ կարտելների դեմ պայքարի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հաստատել է, որ առաջարկել է ամերիկյան զորքեր ուղարկել Մեքսիկա՝ օգնելու երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը մամուլի հետ շփվել է իր ինքնաթիռում, Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս:

Թրամփն ասել է, որ նման առաջարկ է արել, քանի որ թմրակարտելները կազմված են «սարսափելի մարդկանցից», որոնք պատասխանատու են հազարավոր մարդկանց մահվան համար: «Եթե Մեքսիկան օգնության կարիք ունենար կարտելների դեմ պայքարում, ես պատիվ կհամարեի գնալ այնտեղ եւ դա անել [ԱՄՆ ուժեր ուղարկել՝ օգնելու]»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք նա հիասթափված է, որ Շեյնբաումը մերժել է առաջարկը, Թրամփը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նա հիանալի կին է։ Մեքսիկայի նախագահը հիանալի կին է, բայց այնպես է վախենում կարտելներից, որ անգամ առողջ դատել չի կարողանում»։

Շաբաթ օրը Շեյնբաումը հայտնել էր, որ մերժել է ԱՄՆ առաջարկը, քանի որ «ինքնիշխանությունը չի վաճառվում»։ Նա մեկնաբանել է The Wall Street Journal-ի հրապարակումն այն մասին, որ Թրամփը ճնշում է գործադրում Մեքսիկայի վրա, որպեսզի թույլ տա ամերիկացի զինվորականների ավելի ակտիվ ներգրավումը թմրակարտելների դեմ պայքարում: Շեյնբաումը նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել, բայց Մեքսիկան «երբեք չի համաձայնի ամերիկացի զինծառայողների ներկայությանն իր տարածքում»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով