Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Կահիրե՝ մասնակցելու «Իսլամական ութնյակի» (D-8) հանդիպմանը, որի մեջ, ԻԻՀ-ից բացի, մտնում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան եւ Նիգերիան։ Փեզեշքիանի այցը Իրանի նախագահի առռաջին այցելությունն է Կահիրե վերջին 11 տարիների ընթացքում։
Ինչպես հայտնել է ԻԻՀ նախագահը, որի խոսքերը մեջբերել է Sada al-Balad հեռուստաալիքը, «իսլամական երկրները պետք է զարգացնեն համագործակցությունը՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները»։ Գագաթաժողովի աշխատանքի ընթացքում մասնակիցները մտադիր են քննարկել հարցեր, որոնք վերաբերում են Գազայի հատվածի, Լիբանանի եւ Սիրիայի իրավիճակին, ասել է Փեզեշքիանը։
Դեկտեմբերի 19-ին սկսվող գագաթաժողովի հիմնական թեմա է հայտարարված «Ներդրումները երիտասարդության համար եւ փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունը. վաղվա օրվա տնտեսության ձեւավորումը»։ Ավելի վաղ Կահիրեում տեղի էր ունեցել «Իսլամական ութնյակի» պետությունների արտաքին գործերի ներկայացուցիչների նախապատրաստական հանդիպումը։
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, դրան մտադիր է որպես հյուր մասնակցել նաեւ Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը։

