Վեց ընդդիմադիր կուսակցություններ Հարավային Կորեայի խորհրդարանում սկսել են նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի գործընթացը երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ ներքաշելուց հետո, ռազմական դրություն մտցնելու պատճառով։ Շատ կորեացիների պետության ղեկավարի փորձը՝ թույլ չտալ, որ իր կողմնակիցները հրաժարական տան, հիշեցրել է կեսդարյա վաղեմության բռնապետական վարչակարգի ժամանակները։
Դեմոկրատական կուսակցությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, եւ մյուս հինգ ընդդիմադիր կուսակցությունները չորեքշաբթի իմփիչմենթ են նախաձեռնել, քվեարկությունը կկայանա ուրբաթ կամ շաբաթ, տեղեկացրել է Financial Times-ը։ Դեմոկրատական կուսակցությունը նաեւ հայտարարել է, որ պետական դավաճանության մեղադրանքներ կներկայացնի Յունի եւ պաշտպանության եւ անվտանգության նախարարների դեմ, քանի որ ռազմական դրության հայտարարումը անօրինական էր։
«Յունը կարող է սեղմել կոճակը պատերազմ սկսելու համար կամ նորից ռազմական դրություն հայտարարել։ Նա այն մարդն է, ով կարող է Հարավային Կորեան ահավոր վիճակի մեջ դնել,- ասել է ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար Չո Կուկը։- Մենք պետք է անհապաղ կանգնեցնենք նրա նախագահական լիազորությունները»։
Ավելի վաղ՝ մեկ օր առաջ, Յունը ռազմական դրություն էր հայտարարել՝ այդ որոշումը բացատրելով Դեմոկրատական կուսակցության գործողություններով։ Առիթ էր հանդիսացել պետական բյուջեի կրճատման նախագիծը ռեկորդային՝ 4,1 տրլն վոնով (3 մլրդ դոլար), ինչպես նաեւ գլխավոր դատախազին եւ Հաշվիչ պալատի նախագահին պաշտոնանկ անելու որոշումները։
Դրանից հետո բանակը եւ հատուկ նշանակության ուժերը սկսել են դիրքեր գրավել փողոցներում։ Գեներալ Պակ Ան Սուն, որին նախագահը նշանակել է արտակարգ ռեժիմի ղեկավար, դադարեցրել է խորհրդարանի եւ բոլոր քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Բայց պատգամավորները չեն հնազանդվել եւ չեղարկել են ռազմական դրությունը։ Սեփական կուսակցությունը եւս դա անելու կոչ է արել նախագահին։ Յունը հնազանդվել է։

