Նիկոլ Փաշինյանի արձագանքը Նեթանյահուի հայտարարությանը՝ հակահայկակա՞ն, թե՝ քաղաքական հաշվարկ

Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի խոսքով, որը շատերի մոտ տարակուսանք ու վրդովմունք է առաջացրել։ Փաշինյանը հայտարարել է, որ Նեթանյահուի հայտարարությունը կապ չունի Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հետ՝ կոչ անելով ցեղասպանության թեման չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով։ Ավելին՝ նա բարձրացրել է մի հռետորական հարց՝ «Ի՞նչ է տվել ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ»։

Այս հայտարարությունն ընկալվել է ոչ միայն որպես անտեսում պատմական արդարության, այլ նաև՝ որպես մի քայլ՝ ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ նորից զիջող ու հարթեցնող քաղաքական գիծը պահպանելուն։ Զուգադիպությու՞ն է արդյոք, որ Նեթանյահուին քննադատելու և ցեղասպանության ճանաչման արժեքը հարցականի տակ դնելու հայտարարություններով Փաշինյանը փաստացի միանում է նաև Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը։ Թուրքական կողմը պարբերաբար քննադատում է ցեղասպանության միջազգային ճանաչումը, և այժմ այդ նարատիվին միանում է նաև Հայաստանի ղեկավարությունը։

Փաշինյանի կողմից հնչեցված «Ի՞նչ է տվել մեզ ցեղասպանության ճանաչումը» հարցը հուշում է կամ ակնհայտ պատմական մոռացության, կամ գիտակցված քաղաքական դիրքորոշման մասին։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական կողմին տվել է՝ միջազգային աջակցության ձևավորման հնարավորություն, Թուրքիայի վրա քաղաքական ճնշման լծակներ,հայկական սփյուռքի համախմբման լուրջ խթան,պատմական արդարության հաստատման միջազգային իրավական հիմք,ինչպես նաև ապագա պահանջների ձևակերպման հարթակ։

 Ցավալի է, երբ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը, փոխանակ օգտագործելու միջազգային աջակցության այս պահերը՝ Հայաստանի շահերը առաջ մղելու համար, փոխարենը հանդես է գալիս դիրքորոշումներով, որոնք փաստացի կարող են վնասել թե՛ պատմական հիշողությանը, թե՛ դիվանագիտական աշխատանքին։

Այս իրավիճակը, ըստ շատերի, վկայում է Հայաստանի քաղաքական օրակարգում վտանգավոր շեղման մասին՝ երբ պատմական սրբություններն ու ազգային շահերը զոհաբերվում են պահի կոնյունկտուրային հաշվարկների։ Ստեղծված իրավիճակում ժողովրդավար հասարակության համար մնում է մեկ ուղի՝ բարձրաձայնել անհամաձայնությունը, հստակորեն պաշտպանել ազգային արժեքներն ու պատմական արդարությունը՝ անկախ նրանից, թե ովքեր են տվյալ պահին իշխանության ղեկին։
Վերլուծությունը գրեց Կարծիք լրատվականի լրագրող Անահիտ Տերտերյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով