Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստը՝ առանց Վեհափառ Հայրապետի

Երևանում օգոստոսի 2-ին տեղի է ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

Նիստը նվիրված է լինելու նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը։ Մինչև ԱԺ նախագահի ընտրությունը նիստը կվարի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

Ողջույնի խոսքերից հետո պատգամավորները երդում կտան: Այն պատգամավորները, որոնք ներկա չեն լինի առաջին նիստին կամ ավելի ուշ կհամալրեն ԱԺ կազմը, կերդվեն հաջորդ նիստին։ Այնուհետև նիստը նախագահողը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա, պաշտոնապես կհայտարարի նոր գումարման պատգամավորների ընդհանուր թիվը, կնշի կուսակցություններն ու դաշինքները, կներկայացնի խորհրդարանականներին՝ ընթերցելով յուրաքանչյուր պատգամավորի անուն-ազգանունը, ինչպես նաև նրան առաջադրած քաղաքական ուժի անվանումը։ Դրանից հետո պատգամավորները կգրանցվեն։

9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը (64 պատգամավոր), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (29 պատգամավոր) և «Հայաստան» դաշինքը (12 պատգամավոր)։

Հաշվիչ հանձնախմբի ձևավորումից հետո պատգամավորները կանցնեն Ազգային ժողովի նախագահի ընտրությանը։ Այնուհետև խորհրդարանը կընտրի խոսնակի երեք տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրակարգում են նաև մշտական խորհրդարանական հանձնաժողովների ստեղծումն ու դրանց նախագահների ընտրությունը։ Հանձնաժողովներում ղեկավար պաշտոնները խորհրդարանական ուժերի միջև կբաշխվեն Դ’Օնթի բանաձևով՝ նրանց ստացած մանդատների թվին համամասնորեն։

Հենց այսօր էլ բացարձակ մեծամասնություն ստացած կուսակցության առաջնորդը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով կրկին կնշանակվի վարչապետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով