Ռուսաստանում սկսել է տարածվել տուբերկուլոզի EurA1.1 շտամը, որը դժվարությամբ է ենթարկվում բուժման հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառով, գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով իռլանդացի գիտնականների հետազոտությանը։ Մասնավորապես, նրանք վերլուծել են հիվանդության հարուցչի 1362 նմուշների գենոմները, այդ թվում՝ 62-ը Ռուսաստանից։ Տվյալները վերցվել են բաց միջազգային տվյալների բազաներից։ Հետազոտողները EurA1.1-ի մոտ հայտնաբերել են կայունություն բուժման առաջին և երկրորդ գծի առանցքային հակաբիոտիկների, ինչպես նաև նոր դեղամիջոցների՝ բեդաքվիլինի և լինեզոլիդի նկատմամբ։EurA1.1 շտամն առաջին անգամ նկարագրվել է 2006 թվականին՝ Բելառուսից ստացված բժշկական նմուշների ուսումնասիրության ժամանակ։ Ռուսաստանում այն հայտնաբերվել է Պսկովի և Նովգորոդի մարզերում, ինչպես նաև Կարելիայում։ ՌԴ Առողջապահության նախարարության Ֆթիզիոպուլմոնոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային բժշկական հետազոտական կենտրոնի մասնագետ Աննա Պանովան նշել է, որ այս հարուցիչը դեռևս գերիշխող չէ երկրում։ Իր հերթին Կազանի դաշնային համալսարանի «Անհատականացված բժշկություն» գերազանցության կենտրոնի ղեկավար Ալբերտ Ռիզվանովը հայտարարել է, որ «այժմ անհնար է կանխատեսել, թե որքան լայնորեն կտարածվի այս տարբերակը Ռուսաստանում»։ Նրա խոսքով՝ հիմնական վտանգը նրանում է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիայով վարակվելու դեպքում «ստանդարտ բուժումն ի սկզբանե ավելի վատ կգործի», այդ պատճառով կպահանջվի դեղամիջոցների անհատական ընտրություն։Բացի այդ, գիտնականները չեն հայտնաբերել հատկապես EurA1.1-ին բնորոշ յուրահատուկ ախտանիշներ։ Արտաքին դրսևորումներով հնարավոր չէ որոշել՝ արդյոք հարուցիչը զգայուն է դեղամիջոցների նկատմամբ, թե օժտված է կայունությամբ․ դրա համար անհրաժեշտ են լաբորատոր հետազոտություններ։
2026-09-09

