Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը մնաց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը՝ վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, անփոփոխ թողեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 30 մլն դրամի չափով գրավը, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։
Նշենք, որ այսօրվա նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով՝ պաշտպանության կողմի նախաձեռնությամբ։ Դատական նիստի ավարտին պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Դուք գիտեք, որ նախագահի նկատմամբ 4 քրգործ է քննվում, տարբեր քրեական գործեով տարբեր խափանման միջոցներ կան կիրառված։ Այսօրվանիստում դատարանը որոշեց խափանման միջոցը պահպանել։ Բացակայելու արգելքն ավելի խիստ մեղադրանք է նախագահ Սարգսյանի համար, քան բոլոր շինծու մեղադրանքները, որոնք կան, որովհետև բացակայելու արգելքն այն բանի համար է կիրառվում, որ անձը կարող է թաքնվել՝ ՀՀ սահմանը հատելով՝ օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը։ Կա մարդ՝ չափահաս, ողջամիտ, որ մտածում է՝ Հանրապետության երրորդ նախագահն ունի այդպիսի մտադրություն, ցանկություն կամ նպատակ։ Այդպիսիք չեն կարող լինել, դա բացառված է»,- ասաց Մակինյանը։
Նա հիշեցրեց, որ «տխրահռչակ դիզելի գործով» Սերժ Սարգսյանը լինելով մեղադրյալ այդ գործով, դատարանի թույլտվությամբ մեկնել է Հայաստանից և դատարանի նշված ժամկետին պատշաճ ներկայացել է. «Այսինքն թաքնվելու մասին խոսելը խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է, դա աբսուրդ է։ Դրա համար ասացի, որ դա շատ ծանր մեղադրանք է մեզ ուղղված»,–ընդգծեց պաշտպանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով