Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է

Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այս մասին Tert․am-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ դատախազը 2025թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել:

«Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս. Սարգսյանին փոխանցելով:

Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է  գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»,-նշել էին դատախազությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով