Ալիևը հաստատել է՝ Նախիջևանի Սահմանադրությունից կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղումները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները:

Սահմանադրության նախաբանից հեռացվում են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։

Նախկինում Նախիջևանի Սահմանադրության տեքստում նշվում էր, որ նրա ինքնավարության հիմքերը դրվել են ներկայումս գործող Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնք կնքվել են, համապատասխանաբար, 1921 թվականի մարտի 16-ին և հոկտեմբերի 13-ին։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ փոփոխված Սահմանադրության հիմքում այժմ դրված են Ադրբեջանի պետական անկախությանը վերաբերող փաստաթղթերը՝ 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի պետական անկախության մասին» սահմանադրական ակտը, ինչպես նաև Ադրբեջանի գործող Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ի հանրաքվեով։

1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը կնքվել էր Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև և փաստացի հիմք էր դրել Կովկասի ներկայիս սահմաններին։ Այդ պայմանագրով Նախիջևանը սահմանվեց որպես ինքնավար տարածք Ադրբեջանի հովանու ներքո՝ առանց այն երրորդ կողմին փոխանցելու իրավունքի։

Նույն տարվա Կարսի պայմանագիրը իրավականորեն ամրագրեց Նախիջևանի կարգավիճակը։ Այն ստորագրվել էր Թուրքիայի և խորհրդային Կովկասյան հանրապետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Այդ պայմանագրով վերջնականապես ձևակերպվել էին նաև Նախիջևանի սահմանները, որոնք հիմնականում պահպանվել են մինչև այսօր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով