«Ամենակարևորը, որ խիղճները մաքուր ու արդար լինեն». Տեր Արտաշեսը Մասյացոտնի թեմի հոգևորականներին, որոնց սպառնում են, քաջության կոչ է անում

Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանն այսօր հայտարարությամբ հանդես եկավ ու զղջման խոսք ասաց, որ երեկ սպառնալիքների ներքո ասել էր, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած տիրադավներին։

Տեր Արտաշեսն ասաց, որ ամբողջ ճշմարտությունն արտացոլված է իր այսօրվա հայտարարության մեջ։

«Ոչ մի տող կամ միտք՝ այս կողմ կամ այն կողմ»,- նշեց Տեր Արտաշեսը։

Տեր Հայրը հանդիպել է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի հետ, փակագծեր, սակայն, չբացեց։

Տեր Արտաշեսը թեմի բոլոր հոգևորականներին, որոնց սպառնում են, քաջության կոչ է անում։

«Ամենակարևորը, որ խիղճները մաքուր ու արդար լինեն»,- ասաց Տեր Արտաշեսը։

Տեղեկությունները, թե երեկ հանդիպում է ունեցել թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի հետ՝ Տեր Արտաշեսը հերքեց։

«Հանդիպումներ ունեցել եմ, բայց երեկ չեմ հանդիպել»,- հավելեց Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։

Նշենք, որ երեկվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։

Գևորգ Սարոյանին սպասարկող Մասյացոտնի թեմի նախկին էջով հայտարարել էին, որ Տեր Արտաշեսը միանում է հակաեկեղեցական արշավին, այսօր, սակայն, Տեր Հայրն ասաց, որ հայտարարությունը «հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով