ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել հրթիռների պաշարները՝ Չինաստանի հետ հնարավոր հակամարտության նախաշեմին․ WSJ

Պենտագոնը, որը մտահոգված է Չինաստանի հետ հնարավոր ապագա հակամարտության նախաշեմին իր զենքի ցածր պաշարների վերաբերյալ՝ պլանավորում է զգալիորեն մեծացնել իր հրթիռային զինանոցը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի տվյալների, «ամենամեծ պահանջարկ ունեցող կրիտիկական կարևորության զենքերի արտադրության արագացման» ձգտումը արտահայտվել է Պենտագոնի ղեկավարության և ամերիկյան մի քանի հրթիռ արտադրողների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև կայացած մի շարք հանդիպումների ժամանակ։ Ինչպես վկայում են աղբյուրները, խոսքը 12 տեսակի զենքերի մասին է, որոնք ԱՄՆ-ը ցանկանում է ունենալ Չինաստանի հետ պոտենցիալ հակամարտության դեպքում։ Դրանց թվում են՝ Patriot զենիթահրթիռային համալիրները, մեծ հեռահարության հակաերկրային հրթիռները, SM-6 զենիթային հրթիռները, Precision Strike և AGM-158 JASSM հրթիռները։

Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Պարնելը, ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է «ամերիկյան ռազմական հզորության ընդլայնման և մարտական ​​տեխնիկայի արտադրության արագացման անսովոր ուղիներ»։ Սակայն, ըստ հրապարակման, մի շարք անձինք, ինչպես վարչակազմում, այնպես էլ պաշտպանական ոլորտում, մտահոգված են կառավարության կողմից դրված նպատակների իրատեսական չլինելով։ Միայն առանձին հրթիռների հավաքումը կարող է երկու տարի տևել։

Ծագում են նաև ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Ամերիկյան վարչակազմի կողմից հուլիսին հավանության արժանացած օրինագիծը նախատեսում է առաջիկա հնգամյակում զենքի արտադրության լրացուցիչ ֆինանսավորում՝ 25 մլրդ դոլարի չափով։ Սակայն վերլուծաբանները պնդում են, որ Պենտագոնի հավակնոտ նպատակներին հասնելը տասնյակ միլիարդներով ավելի թանկ կարժենա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով