Տասից ավելի քրիստոնեական կազմակերպություններ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել են հրապարակել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ռազմավարության չգաղտնիացված տարբերակը։ Այս մասին նշվել է ԱՄՆ նախագահին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված նամակում։
«Մենք՝ ներքոստորագրյալ 13 կազմակերպություններս, որ ներկայացնում ենք կրոնական, մարդասիրական, իրավապաշտպան, վերլուծաբանական հաստատություններ, դիմում ենք ձեզ համառ կոչով՝ անհապաղ հրապարակել նախագահ Բայդենի ռազմավարությունը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ, որը հավանության է արժանացրել Կոնգրեսը։ Քանի որ պատերազմն Ուկրաինայում շարունակվում է, ավելի ակնհայտ է դառնում, որ հակամարտության դիվանագիտական կարգավորումը Ուկրաինայի ինքնիշխան եւ բարգավաճ ապագան ապահովող լավագույն միջոցն է։ Միայն ռազմական օգնությունը թույլ չի տա հասնել այդ նպատակին»,- նշվել է ուղերձում։ Կազմակերպություններն անհանգստություն են հայտնել, որ Բայդենի վարչակազմը չի հրապարակել իր ռազմավարության չգաղտնիացված տարբերակը, ինչպես դա պահանջում է օրենքը»։ Նրանք կարծում են, որ Վաշինգտոնը պետք է ունենա հստակ ռազմավարություն, «որը ներառում է ակտիվ դիվանագիտական փոխգործակցություն, հստակ նպատակներ եւ իրատեսական պլաններ»։

