Այս գիշեր Իրանը և ԱՄՆ-ը շարունակել են հարվածների փոխանակումը։
ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն, ինչպես նաև հարձակվել է Սիրիկ և Հաջիաբադ քաղաքների վրա։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ԱՄՆ-ի թիրախները եղել են ՀՕՊ և հետախուզական օբյեկտները, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների պահեստները։
Իրանը հարձակվել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի օբյեկտների վրա, ինչպես նաև հրթիռային և անօդաչու սարքերի միջոցով հարվածների շարք է հասցրել Իրաքի հյուսիսում։ Հարձակման են ենթարկվել Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օբյեկտները, այդ թվում՝ ԱՄՆ-ի հյուպատոսարանը և քրդական զինված խմբավորումների շտաբները։
«Wall Street Journal» պարբերականի կարծիքով՝ Իրանին հաջողվել է հարմարվել ամերիկյան ՀՕՊ համակարգին, և այժմ նա օգտագործում է չափազանց արագ և մանևրող հրթիռներ, որոնք ավելի դժվար է խոցել։ Ինչպես գրում է պարբերականը, ԱՄՆ-ի զինվորականները կասկածում են, որ իրանական հրթիռների արդիականացումը կարող էին ապահովել Չինաստանը կամ Ռուսաստանը՝ Թեհրանին տրամադրելով նոր նշանառության համակարգեր։

