Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրերի, ինչպես նաև նրանց շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վերաբերյալ հարցերի շուրջ հարցազրույցի ընթացքում նախ անդրադարձավ Փաշինյանի վերջին հանդիպումներին՝ նշելով, որ դրանք իշխանությունների կողմից ներկայացվում են որպես նախընտրական, մինչդեռ, իրականում ունեն այլ նպատակ։
«Մենք արդեն չորս հանդիպում ենք անցկացրել, շուտով հինգերորդը կլինի։ Դրանք տեղի են ունենում տարբեր մարզերում՝ արցախցիների հետ անմիջական շփման համար։ Սա անհրաժեշտ է հասկանալու՝ այդ մարդկանց խնդիրներն ինչ են և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել տեղահանությունից հետո։ Իրականությունը ոչ թե սոցիալական ցանցերում է, այլ առանձին մարդկանց հետ զրույցներում»,- նշեց նա։
Ըստ նրա՝ այդ հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ արցախցիների հիմնական խնդիրները նույնն են՝ բնակարանային, սոցիալական, քաղաքացիության և վերադարձի իրավունքի հարցեր։
Հակոբյանը նաև քննադատեց իշխանությունների կողմից կազմակերպված հանդիպումներից մեկն՝ այն որակելով «բեմականացված շոու»։
«Այդ հանդիպմանը ներկա մարդիկ չեն ներկայացնում արցախցիների լայն շրջանակը։ Արցախցիների իրական դիրքորոշումը ձևավորվում է մեր հանդիպումներում, որտեղ մարդիկ բաց ու անկեղծ խոսում են իրենց խնդիրների մասին»,- ասաց նա։
Խոսելով բնակարանային ծրագրի մասին՝ Հակոբյանը նշեց, որ 3 միլիոն դրամի սերտիֆիկատը 4 միլիոն դարձնելը ոչ միայն չի լուծել խնդիրը, այլև որոշ դեպքերում այն ավելի է խորացրել։
«Վաղարշապատում, օրինակ, բնակարանների գները անհամաչափ աճել են, և արդյունքում բնակարան ձեռք բերելը դարձել է ավելի դժվար, քան նախկինում», – ընդգծեց նա։
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թվին՝ Հակոբյանը նշեց, որ այդ գործընթացը հիմնականում պայմանավորված է աշխատանքի անհրաժեշտությամբ։
«Քաղաքացիություն ստացած շուրջ 30 հազարից ավելի անձանց մեջ կան նաև անչափահասներ։ Շատերը քաղաքացիություն են ընդունել՝ աշխատելու կամ, օրինակ, զինվորական ծառայության անցնելու նպատակով։ Բնակարանային ծրագրից օգտվողները, սակայն, շատ քիչ են», – ասաց նա։
Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ սոցիալական ծրագրերը չեն կարող ազդել արցախցիների քաղաքական ընտրության վրա։
«Եթե կա կարծիք, որ հնարավոր է արցախցիներին սոցիալական աջակցությամբ կամ գումարով բերել ընտրության և ստանալ նրանց քվեն, դա սխալ մոտեցում է։ Սոցիալական խնդիրների լուծումը պետության պարտավորությունն է, ոչ թե ընտրակաշառք»,– նշեց նա և ահվելեց,- «Մեր բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ այս իշխանությունները արցախցիների համար ընդունելի չեն կարող դառնալ։ Եվ այն պատկերացումը, թե արցախցիները կարող են իրենց աջակցել, իրականությանը չի համապատասխանում», – ասաց Հակոբյանը։
Արցախի պատգամավորը շեշտեց նաև, որ բռնի տեղահանված արցախցին իր տան դուռը փակել է արժանապատվության համար և չի կարող անել մի բան, որը կստվերի այդ ընտրությունը։ «Եթե որևէ մեկը գնում է այս իշխանությունների հետևից, դա, ինչպես հենց արցախցիներն են ասում, նշանակում է հրաժարվել սեփական հիշողությունից, պատմությունից և արժեքներից»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

