Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի գլխավորությամբ, իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում որոշեց երկու ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։
Ծառուկյանը մեղադրանքը «սուտ, սարքած, փուչիկ» է որակել։
Ծառուկյանի փաստաբանն էլ երեկ մեղադրանքը «աբսուրդային ու ծիծաղելի» էր որակել՝ նշելով. «Էնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ որևէ կերպ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, էս դեպքում իրեն վերածել են մեղադրյալի»։

