Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով հինգ մարդ է զոհվել, 12 մարդ էլ անհայտ կորած է համարվում։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ տեղական ժամանակով 06:56-ի սահմաններում, այդ նահանգի Լունան քաղաքի Տանչան գավառի Նանհե ավանի Ժենցզան գյուղում, հաղորդում է չինական Սինհուա գործակալությունը։
Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ փլատակների տակ է հայտնվել 33 մարդ։
Փրկարարների տվյալներով՝ 14:50-ի դրությամբ հայտնաբերվել է 21 մարդ, որոնցից հինգը, չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը, մահացել են։ Ներկայում ինտենսիվորեն իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ մնացած 12 մարդկանց գտնվելու վայրը պարզելու համար, որոնք համարվում են անհայտ կորած։
Գանսու նահանգում լայն թափով ընթանում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչություններ, դրանց թվում՝ արտակարգ իրավիճակների կառավարման, հակահրդեհային և բժշկական ծառայությունները, ինչպես նաև հասարակական անվտանգության, տրանսպորտի, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտների կառույցները։
ՉԺՀ բնական պաշարների նախարարությունը գործարկել է երկրաբանական բնույթի հնարավոր աղետների արձագանքման 3-րդ մակարդակի արտակարգ մեխանիզմը և աշխատանքային խումբ է ուղարկել՝ տեղում փրկարարական աշխատանքները ղեկավարելու համար։
Փրկարարական գործողություններում ներգրավված է 345 աշխատակից և 10 որոնողական շուն։ Դեպքի վայրից Սինհուա գործակալության տարածաշրջանային թղթակիցների հաղորդմամբ՝ տարածքների մաքրման համար կիրառվում են էքսկավատորներ, իսկ հարևանությամբ շտապօգնության մեքենաներն ու բազմաթիվ փրկարարական բրիգադներն ինտենսիվորեն որոնողափրկարարական և տուժածների վերաբնակեցման աշխատանքներ են իրականացնում։
Նահանգային առողջապահության կոմիտեի տվյալներով՝ Տանչան գավառ շտապօգնության 4 բրիգադ և 13 բուժաշխատակից է ուղարկվել։
Տեղում օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել են նաև ինտենսիվ թերապիայի, օրթոպեդիայի և ընդհանուր վիրաբուժության ոլորտի երեք մասնագետներ Գանսու նահանգի Ժողովրդական հիվանդանոցից։ Տեղական իշխանությունները «կանաչ միջանցք» են բացել բժշկական օգնության տրամադրման համար և հեռահար բժշկական խորհրդատվությունների հարթակ ստեղծել։

