Դատախազը միջնորդեց Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով

Միքայել սրբազանի պաշտպանական թիմն այսօր՝ սեպտեմբերի 29–ին, լրացուցիչ դատալսումների ժամանակ  բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Պաշտպան Արա Զոհրաբյանը որպես հիմք նշեց այն, որ դատավորը խախտել է քրեական օրենսգիրքը, քանի որ վերդիկտը հրապարակելուց հետո կողմերին չի հայտնել, որ նրանք իրավունք ունեն մինչեւ հաջորդ նիստը դատարան ներկայացնելու միջնորդություններ։

Սա, ըստ նրա, կարող էր լինել երկու դեպքում, կամ դատավորը կոնպետենտ չէ, կամ ունի խտրական վերաբերմունք. «Մենք հակված ենք պնդելու, որ դատավորն ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ»,–ասաց նա՝ հիմնավորելով դա մի քանի փաստեր մեջբերելով։։

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Գործով դատախազը միջնորդեց Միքայել Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրդեկան օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ իր սահմանափակումներով։

Լրացուցիչ դատալսումներով դատարանն այսօր կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը:

Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով