Շնորհակալություն այն մարդկանց, որոնք անտարբերությանն ասացին՝ ոչ, որովհետև մարդը չի կարող անտարբեր վերաբերվել իր երեխայի ապագային։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։
«Այն, ինչ հիմա կատարվում է, դա միայն ԲՀԿ–ի հետ չի կապված, խնդիրը մանդատները չեն, խնդիրն այն է՝ ԲՀԿ–ն կանցնի, թե ոչ։ Չի կարելի թույլ տալ, որ գեթ մեկ ձայն յուրացվի, գողացվի։ Խնդիրը հետևյալն է. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, նույնիսկ այն մարդը, որ կարող է՝ մեզ հետ համաձայն չէ, եթե իր ձայնը գետնով են տալիս, վաղը սաղիս են գետնով տալու՝ առանց նայելու, թե ով ով է։
Մենք բոլորս էլ այն ներվի վրա ենք, բայց Սահմանադրական դատարանից ակնկալվում է ընդամենը մի բան, որ ՍԴ–ն պաշտպանի Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու իրավունքը, ուրիշ ոչ մի բան։ Այդ իսկ պատճառով ակնկալում ենք ՍԴ–ից գոնե Հայաստանի սահմանադրության դրույթների կատարում։ Վերջ»,–ասաց նա։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։
Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։

