Եթովպիայի Ամհարա շրջանում երկուշաբթի օրը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքից զոհվել է առնվազն 14 մարդ, ևս յոթը ստացել են վնասվածքներ։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում է AP-ն։
Սողանքը լցվել է Սուրբ Մարիամ վանքի տարածք, որտեղ դեպքի պահին հարյուրավոր հավատացյալներ էին հավաքվել՝ սուրբ ջրով մաքրագործման արարողությանը մասնակցելու համար։
«Աղետը տեղի է ունեցել առավոտյան ժամը յոթի սահմաններում․ զոհվածներից շատերը եկել էին սուրբ ջուր ստանալու»,- հայտնել է թեմի առաջնորդ Մեգաբե Հադիս Նեկա Տիբեբ Աբաբուն։
Նրա խոսքով՝ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել, իսկ տուժածների հստակ թիվն առայժմ անհայտ է։ 11 զոհվածի արդեն հուղարկավորել են վանքի տարածքում, իսկ մյուսների աճյուններն ուղարկել են իրենց բնակավայրեր։ Զոհերից մի քանիսի ինքնությունը պարզելն անհնար է։
Ծանր վիրավորներին տեղափոխել են Հյուսիսային Շեվա շրջանի վարչական կենտրոն հանդիսացող Դեբրե Բիրհան քաղաք։ Այն գտնվում է պատահարի վայրից մոտ 70 կմ հեռավորության վրա։

