Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ նրանց մոսկովյան այցերն անվանելով «անհարգալից վերաբերմունք» Ուկրաինայի հանդեպ։ Դժգոհության պատճառն այն է, որ ամերիկացի պաշտոնյաները պարբերաբար մեկնում են Ռուսաստան, սակայն շատ քիչ են այցելել Կիև։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնել դեռ նախորդ տարեվերջին, երբ հրադադարի շուրջ քննարկումները նոր թափ էին ստանում, իսկ երկրորդ այցը կատարել են հունվարին։
Ուիթքոֆը, ով ութ անգամ եղել է Մոսկվայում, բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուամենայնիվ, ոչ նա, ոչ Քուշները երբևէ պաշտոնական կարգավիճակով չեն այցելել Կիև։
«Անհարգալից է Մոսկվա մեկնելն ու Կիև չժամանելը, դա պարզապես անհարգալից վերաբերմունք է։ Ես հասկանում եմ, որ մեզ մոտ լոգիստիկան բարդ է… Եթե նրանք չցանկանան [գալ Կիև], մենք կարող ենք հանդիպել այլ երկրներում»,- Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդունել է, որ ԱՄՆ-ի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա։ «Այդուհանդերձ… մեզ համար ցանկացած պարագայում կարևոր է շարունակել ամերիկացիների հետ համագործակցությունը»,- հավելել է նա։
Անշարժ գույքի նախկին մագնատ Սթիվ Ուիթքոֆը Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն է, իսկ Ջարեդ Քուշները՝ ԱՄՆ նախագահի փեսան։ Դեռ ապրիլի սկզբին Զելենսկին հայտնել էր, որ նրանք ծրագրում էին այցելել Ուկրաինա, սակայն ուղևորությունը չեղարկվել է՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի պատճառով։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին եռակողմ գագաթնաժողովը կայացել էր փետրվարի կեսերին։ Դրանից երկու շաբաթ անց ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են հարվածել Իրանին, ինչից հետո միջազգային հանրության ուշադրությունը շեղվել է ուկրաինական հակամարտությունից։

