ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ստիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայի և Կիևի հետ քննարկել են ձմռան ընթացքում ռազմական գործողությունների դեէսկալացիային ուղղված հնարավոր քայլերը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողների ջանքերը նախևառաջ ուղղված են եղել դիվանագիտական գործընթացի «ապաշրջափակմանը», սակայն նրանք ներկայացրել են նաև մի շարք նոր առաջարկներ։ «Կան գաղափարներ, որոնք վերաբերում են էներգետիկ օբյեկտներին, ցորենի մատակարարումներին, ինչպես նաև նավթի ու գազի արտահանմանը», — Axios-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին։Ուկրաինայի նախագահի փոխանցմամբ՝ Ռուսաստանը, ինչպես և նախորդ տարիներին, ծրագրում է աշնանային-ձմեռային ժամանակահատվածում ակտիվորեն հարվածել ուկրաինական էներգետիկային՝ Կիևին զիջումների մղելու նպատակով։ Այնուամենայնիվ, Զելենսկին կարծում է, որ Վլադիմիր Պուտինը «չի ցանկանում հիասթափեցնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և «պատրաստ է քննարկել» խաղաղ բանակցությունների առաջմղմանն ուղղված գաղափարները։ Ուկրաինայի ղեկավարը հայտնել է առաջիկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ևս մեկ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։ «Մենք ունենք սեպտեմբերն ու հոկտեմբերը։ Կարծում եմ՝ նախագահ Թրամփը կարող է ճանապարհ գտնել բանակցային գործընթացն իրապես սկսելու համար՝ նախքան ցուրտ ձմռան վրա հասնելը», — եզրափակել է Զելենսկին։Մինչ այս Axios-ի աղբյուրները հայտնել էին, որ Ուիթքոֆն ու Քուշները Կիևում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նշել են «թարմացված խաղաղ առաջարկ» մշակելու և մինչև ձմեռ բանակցություններում բեկման հասնելու իրենց մտադրության մասին։ Քուշները ընդգծել է ԱՄՆ–Ռուսաստան–Ուկրաինա եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտությունը՝ ռազմական գործողությունների ավարտի տարբերակներ գտնելու նպատակով։ «Մենք զրուցել ենք երկու կողմերի հետ էլ, ուստի հույս ունենք, որ շատ շուտով առաջընթաց կգրանցենք այս հարցում», — նշել է Թրամփի փեսան։Զելենսկին միևնույն ժամանակ ընդգծել է, որ առանցքային հարցերից մեկը շարունակում է մնալ Դոնբասի ճակատագիրը։ Financial Times-ի աղբյուրները նշում էին, որ Պուտինը ամերիկացի բանակցողների հետ հանդիպմանը նախկինի պես պնդել է ուկրաինական այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրեն հանձնելու վրա, մինչդեռ Զելենսկին բացառել է տարածքային որևէ զիջում։ «Մենք հզորացել ենք մարտի դաշտում՝ Արևելքում, այնտեղ, որտեղ հակառակորդն ակտիվ է և ավելացրել է անձնակազմի թիվը։ Այսինքն՝ հենց այնտեղ են իրականում լուծվում բազմաթիվ աշխարհաքաղաքական հարցերը», — նշել է Ուկրաինայի նախագահը։
2026-09-08

