ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները ռազմավարություն են մշակում նրա դեմ իմփիչմենթի փորձի դեպքում, ինչը հնարավոր կլինի հաջորդ տարի, եթե դեմոկրատները վերահսկողություն ստանան Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, հայտնել է Axios պորտալը։
«Նախագահ Թրամփի խորհրդականները լրջորեն դիտարկում են այն հնարավորությունը, որ նա կարող է կրկին իմփիչմենթի ենթարկվել, եթե հաջորդ տարի դեմոկրատները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում»,- նշվել է պորտալի կայքում:
Ներկա պահին Ներկայացուցիչների պալատը գտնվում է հանրապետականների վերահսկողության ներքո, սակայն արդեն ազդանշաններ կան, որ դեմոկրատները կարող են սկսել գործընթացը: Այդ մասին, մասնավորապես, վկայում է Թանեդարի նախաձեռնությունը։
Մի կողմից՝ դեմոկրատները ճնշում են զգում ընտրողների կողմից՝ ավելի ուժգին դիմակայելու Թրամփին: Մյուս կողմից՝ որոշ քաղաքական ստրատեգներ կարծում են, որ ավելի չափավոր դիրքորոշումը կօգնի դեմոկրատներին շահել 2024թ. Թրամփին նախընտրած տատանվող կենտրոնամետ ընտրողների վստահությունը:
Ավելի վաղ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Շրի Թանեդարը հայտարարել էր, որ յոթ մեղադրանքներով Թրամփին իմփիչմենթի ենթարկելու բանաձեւ է ներկայացրել, այդ թվում՝ «լիազորությունների բռնակալական չարաշահման»: Axios պորտալը նշել է, որ սա Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ օրենսդրի կողմից նախագահին կամ նրա վարչակազմի անդամին իմփիչմենթի ենթարկելու առաջին փորձն է այս տարի։ Պորտալը նշել է, որ դժվար թե Թանեդարը ինչ-որ բանի հասնի՝ հաշվի առնելով, որ Կոնգրեսը գտնվում է հանրապետականների վերահսկողության տակ։

