Հենրիխ Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրում է․
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ներկայացրել է վերջին տարիների զարգացումների բավական խոսուն ժամանակագրությունը։
14 տարի առաջ Իրանի նկատմամբ հայտարարվեցին «պատմության մեջ ամենակործանարար պատժամիջոցները»՝ Թեհրանին իր քաղաքական ուղեգիծը փոխել պարտադրելու նպատակով։ Այդ ռազմավարությունը չհասավ իր հիմնական նպատակին։
8 տարի առաջ մեկնարկեց «առավելագույն ճնշման» քաղաքականությունը։ Չնայած տնտեսական և քաղաքական լուրջ հետևանքներին՝ այն ևս չկարողացավ Իրանին ստիպել հրաժարվել իր ինքնուրույն քաղաքականությունից։
Մի քանի ամիս առաջ կրկին հնչեցին «անվերապահ կապիտուլյացիայի» մասին հայտարարություններ։ Սակայն զարգացումները ցույց տվեցին, որ ուժի և ճնշման միջոցով Իրանին իր ռազմավարական դիրքորոշումներից հրաժարվել պարտադրելու հաշվարկը կրկին չարդարացավ։
Տարիներ շարունակ Իրանը գործում է խիստ պատժամիջոցների, տնտեսական սահմանափակումների և քաղաքական ճնշման պայմաններում։ Այդուհանդերձ, երկիրը պահպանել է պետական ինքնիշխանությունը, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու կարողությունը, պաշտպանական ներուժը և սեփական ազգային շահերը պաշտպանելու քաղաքական կամքը։
Անցած տարիների փորձը ցույց է տալիս մեկ հստակ իրողություն․ արտաքին ճնշման ռազմավարությունը չկարողացավ ստիպել Իրանին հրաժարվել իր ինքնուրույն քաղաքական ուղեգծից և ազգային շահերից։
Իրական ինքնիշխանությունը միայն իրավական կարգավիճակ չէ։ Այն առաջին հերթին պետության կարողությունն է՝ արտաքին ճնշումների, պատժամիջոցների և սպառնալիքների պայմաններում պահպանելու որոշումներ կայացնելու ինքնուրույնությունն ու առաջնորդվելու սեփական ազգային շահերով։
Իրանի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ արտաքին ճնշումը կարող է պետության համար ստեղծել լրջագույն տնտեսական և քաղաքական դժվարություններ, սակայն այն ինքնին բավարար չէ կոտրելու մի պետության կամքը, որը պատրաստ է հետևողականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը։


