«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցող զարգացումները վկայում են իշխանությունների ունեցած վախերի մասին։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված՝ հարկեր թաքցնելու և փողերի լվացման մեղադրանքներին՝ նա նշել է, որ ընկերությունների մեծ մասը ամեն տարի աուդիտ է անցնում, այդ թվում՝ աշխարհի առաջատար չորս աուդիտորական ընկերություններից մեկի կողմից։
«Եթե որևէ խնդիր լիներ, վստահ եմ՝ իրենք այդ մասին կիմանային», – հավելել է Կարապետյանը։
Նա շեշտել է, որ շաբաթվա վերջին նախատեսվում է մեծ հանրահավաք և քայլերթ՝ իշխանություններին ցույց տալու համար, որ կալանավորումներով և ճնշումներով բարձրացած ալիքը հնարավոր չէ կանգնեցնել։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք «Մեր ձևով» շարժումը անցնի փողոցային պայքարի, Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ այդ փուլը գալիս է միայն այն ժամանակ, երբ սպառվում են սահմանադրական և օրենսդրական բոլոր գործիքները։
«Երբ տեսնենք, որ գործիքները սպառված են, մի անգամ արդեն ասել եմ՝ երևանյան փողոցն իր խոսքն ասելու է», – ասել է նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությանը՝ «պետության համը բերաններդ կմնա», Կարապետյանը արձագանքել է․
«Մեր պետության համը շատ քաղցր է, այո՛, համը մեր բերանը կմնա»։
Հիշեցնենք, որ այժմ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը։ Դատարանի շենքի մոտ են հավաքվել հազարավոր քաղաքացիներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ քննադատելով «մի փոքրիկ խմբակի գործողությունները», որոնք, ըստ նրա, հարձակում էին հայ եկեղեցու և ժողովրդի դեմ։
