Կրեմլը հայտարարել է Վրաստանում «մայդանի» փորձի մասին

Վրաստանի ընթացիկ իրադարձությունները հիշեցնում են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Մայդանը 2013թ., ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան այդ գործընթացներին որեւէ կերպ չի միջամտում։ «Ակնհայտ է իրավիճակը սասանելու փորձը։ Մենք նման իրադարձություններ տեսել ենք մի շարք երկրներում։ Ամենաուղիղ զուգահեռը, որը կարելի է անցկացնել, Ուկրաինայի Մայդանի իրադարձություններն են։ Նարնջագույն հեղափոխության իրականացման փորձի բոլոր նշանները կան»,- ասել է մամուլի քարտուղարը։

Նա ընդգծել է, որ Վրաստանում տեղի ունեցողը երկրի ներքին գործն է։ Պեսկովի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում կայունացման եւ «հանգստության վերադարձի» համար։

Ցույցերին ռուսաստանցի քաղաքացիների ենթադրյալ մասնակցության մասին, մասնավորապես՝ վրացի իրավապահների վրա հարձակումների համար նրանց ձերբակալումների մասին հարցին նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Մենք տեղեկություն չունենք, թե ովքեր են այդ մարդիկ»։ Նա նշել է, որ Վրաստանում Ռուսաստանի ներկայացուցչությունը կապ կապահովի եւ կպարզի գործի հանգամանքները, որպեսզի հասկանա, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվում նրանց դեմ։

Զանգվածային բողոքները Վրաստանում սկսվել են հոկտեմբերի վերջին խորհրդարանական ընտրություններում կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։ Քվեարկության արդյունքները դժգոհություն են առաջացրել բնակչության մի մասի շրջանում, որոնք ընտրակեղծիքներ են կասկածում։ Նոյեմբերի վերջին դժգոհությունն ուժեղացել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, որ երկրի եվրաինտեգրման բանակցությունները հետաձգվում են մինչեւ 2028թ.։ Հանրահավաքների ալիքն ընդգրկել է Թբիլիսին, Բաթումը, Քութաիսը եւ այլ քաղաքներ։ Բողոքների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, որը կոշտ միջոցներ է կիրառել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին, խորհրդարանն անվանել է ոչ լեգիտիմ եւ հրաժարվել է հեռանալ պաշտոնից։

Բողոքների ֆոնին հինգ վրացի դեսպաններ արտասահմանում հրաժարական են տվել։ Ավելի քան 135 դիվանագետներ ստորագրել են հայտարարություն, որը դատապատում է իշխանությունների՝ եվրաինտեգրման բանակցությունները հետաձգելու որոշումը։ Քննադատություն է հնչել նաեւ Ազգային բանկի, կրթության նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակիցներից։

Դեկտեմբերի 2-ին Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան հայտարարել են Վրաստանի իշխանությունների դեմ (ներառյալ միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին) պատժամիջոցներ մտցնելու մասին։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սահմանափակումներն ուղղված են «Վրաստանի ինքնահռչակ կառավարության ղեկավարության» դեմ եւ պետք է օրինակ ծառայեն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով