Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածու է առաջադրվել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 36-ամյա պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, որը խորհրդարանի նախորդ կազմում եղել է փոխխոսնակներից մեկը, ինչպես նաև մինչև վերջերս եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ։
Նրա թեկնածությունն Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստում ներկայացրել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկայացնել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Նախքան կենսագրական տվյալներին անդրադառնալը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Ռուբինյանը հրաշալի և սկզբունքային մարդ է, պարկեշտ, համեստ և ազնիվ քաղաքական գործիչ, որը երկար տարիների ընթացքում անցել է բարդ ուղի քաղաքականության և պետականաշինության մեջ։ Իր քաղաքական գործունեության ընթացքում նա եղել և մնում է ամենաբաց և թափանցիկ քաղաքական գործիչներից մեկը», — ասել է Մանավազյանը։
Նրա համոզմամբ, Ռուբինյանի կազմակերպչական ունակությունները, կշռադատված մոտեցումն ու քաղաքական հասունությունը թույլ կտան արդյունավետ ղեկավարել Ազգային ժողովի աշխատանքը։

