Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իրեն առնչվող ութ դատական գործերից մեկով։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու համար։ Դատարանը համարել է, որ համապատասխան ընկերությունը 2022 թվականին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, Յուն Սոկ Յոլի և նրա կնոջ շահերից ելնելով, անվճար սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել, ինչի արժեքը եղել է մոտ 190 հազար դոլար։
Քննությունը պնդում էր, որ սոցիոլոգիական ընկերության ղեկավար Մեն Թհե Գյունը դրա դիմաց ակնկալում էր փոխադարձ ծառայություններ։
Նույն դատարանը Մեն Թհե Գյունին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման։
Միևնույն ժամանակ, նախկին նախագահի կինը՝ Կիմ Գոն Հին, մեկ այլ դատական գործընթացի շրջանակում առաջին և երկրորդ ատյանների դատարանների կողմից անմեղ է ճանաչվել քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքի խախտման մեղադրանքով։ Յուն Սոկ Յոլի փաստաբանները ուշադրություն են հրավիրել այս հանգամանքի վրա և հայտարարել, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը։
«Տիկին Կիմ Գոն Հին առաջին և երկրորդ ատյանների դատարաններում անմեղ է ճանաչվել։ Հաշվի առնելով, որ հանգամանքները նույնն են, դժվար է հասկանալ, թե ինչու են այս գործով [Յուն Սոկ Յոլին] մասնակի մեղավոր ճանաչել», – հայտարարել են փաստաբանները։
Փետրվարին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ սահմանադրական կարգի դեմ ըմբոստություն կազմակերպելու մեղադրանքով։ Հարավային Կորեայի քրեական օրենսգիրքը այս հանցագործության համար նախատեսում է միայն երկու տեսակի պատիժ՝ ցմահ ազատազրկում և մահապատիժ։

