Հետախուզության գլխավոր վարչություն․ ուկրաինական դրոնները գրոհել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման գործարան

Օգոստոսի 8-ի գիշերը ուկրաինական դրոնները գրոհել են Կրասնոդարի երկրամասի Իլի և Սամարայի մարզի Սիզրանի նավթավերամշակման գործարանները, հաղորդել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությանը։Հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ Իլի ՆՎԳ-ին հարվածը հասցվել է deepstrike գործողության շրջանակում։ Հարվածից հետո ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։Իլի ՆՎԳ-ն ունի վեց տեխնոլոգիական կայան և ի վիճակի է տարեկան վերամշակել մոտ 6,6 մլն տոննա նավթ։ Ձեռնարկությունն ընդունում, պահեստավորում և վերամշակում է ածխաջրածնային հումք, ինչպես նաև արտադրում է նավթամթերք, այդ թվում՝ այնպիսիք, որոնք օգտագործվում են ռուսական զինված ուժերի ապահովման համար, նշել է ուկրաինական հետախուզությունը։Բացի այդ, Հետախուզության գլխավոր վարչության տվյալներով, անօդաչուները խոցել են նաև Սիզրանի ՆՎԳ-ն։ Ձեռնարկության տարածքում արձանագրվել է հարված, որից հետո հրդեհ է սկսվել։Սիզրանի ՆՎԳ-ն մտնում է «Ռոսնեֆտ»-ի կազմի մեջ և նախատեսված է տարեկան մոտ 8,5 մլն տոննա նավթի վերամշակման համար։ Գործարանն արտադրում է նավթամթերքի ավելի քան 20 տեսակ, այդ թվում՝ շարժիչային վառելիք և ճանապարհային բիտում։Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են Ռուսաստանի նավթավերամշակման ճյուղի խոշոր օբյեկտների թվին։Հետախուզության գլխավոր վարչությունում նաև հայտնել են, որ ավելի վաղ ուկրաինական անօդաչուները մեկ շաբաթվա ընթացքում խոցել էին Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 12 նավ Սև և Ազովի ծովերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով