Հունաստանի գնացքների, լաստանավերի և տաքսիների երթևեկությունը դադարեցվել է։ Չորեքշաբթի օրը մայրաքաղաք Աթենքում սպասվում են բողոքի ցույցեր՝ աշխատանքային ժամերի երկարացման դեմ մեկօրյա համընդհանուր գործադուլի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։
Ակցիան կազմակերպվել էր Հունաստանի խոշորագույն մասնավոր և պետական արհմիությունների կողմից՝ բողոքելու կառավարության կողմից երկու աշխատանք ունեցող աշխատողների համար ներկայումս գործող 13-ժամյա աշխատանքային օրը նույն մակարդակին երկարաձգելու ծրագրի դեմ, ինչ մեկ աշխատանքում աշխատելիս։
Աշխատանքի նախարարության խոսնակը հայտնել է, որ կանոնը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի հոկտեմբերին։ Արհմիությունները նշում են, որ դա կմեծացնի ճնշումը Հունաստանում աշխատողների վրա։ Երկիրը 2009-2018 թվականներին պայքարել է պարտքային ճգնաժամի դեմ, որը հանգեցրել է աշխատավարձերի և կենսաթոշակների կրճատման, ինչպես նաև գործազրկության կտրուկ աճի։
Մինչ Հունաստանի տնտեսությունը վերականգնվում է, իսկ կյանքի մակարդակը բարելավվել է աշխատավարձերի մի շարք բարձրացումներից հետո, հույները դեռևս հետ են մնում իրենց եվրոպացի գործընկերներից գնողունակությամբ՝ բնակարանների և սննդամթերքի գների աճի պատճառով։
«Մենք «ո՛չ» ենք ասում 13-ժամյա աշխատանքային օրվան։ Աշխատանքային ժամանակն ապրանք չէ։ Դա մեր կյանքն է»,- գորժադուլից առաջ ասվել է GSEE արհմիության հայտարարության մեջ, որը ներկայացնում է մասնավոր հատվածի մոտ 2,5 միլիոն աշխատողների։
Կառավարությունը նշում է, որ բարեփոխումը կգործի տարեկան ոչ ավելի, քան 37 օր, աշխատողներին հնարավորություն կտա ստանալ արտաժամյա աշխատանքի 40 տոկոս վարձատրություն և համապատասխանում է գործատուների և աշխատողների պահանջներին՝ ավելի ճկուն աշխատաշուկա ունենալու համար։

