Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ապաստան չտալ սեռական հանցագործությունների համար դատապարտված անձանց, նշվել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ կայքի հաղորդագրությունում։
«Բռնարարները, որոնք վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, չպետք է օգտվեն Մեծ Բրիտանիայի փախստականների պաշտպանության ծրագրից: Մենք կխստացնենք օրենքը, որպեսզի լուրջ վերաբերմունք ապահովենք այս ահավոր հանցագործությունների հանդեպ», ասել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը:
Նոր միջոցներն անհրաժեշտ են կանանց եւ երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու համար, պարզաբանել են գերատեսչությունում։ Ինչպես հաղորդել է BBC-ն, միայն 1997-2013թթ. մոտ 1 400 երեխա տուժել է սեռական բռնությունից, ընդ որում՝ հանցագործությունները հիմնականում կատարվել են Պակիստանից եկածների կողմից:
Այժմ Միացյալ Թագավորությունում ապաստան տրամադրելու սկզբունքները հիմնված են Փախստականների մասին կոնվենցիայի դրույթների վրա, որոնք նախատեսում են ահաբեկիչների, ռազմական հանցագործների եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց ապաստանի հայցերի մերժումը: Մեծ Բրիտանիան «առանձնապես ծանր» է համարում ցանկացած հանցագործություն, որը նախատեսում է նվազագույնը մեկ տարվա ազատազրկում։
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները մասնավորապես նախատեսելու են սեռական հանցագործությունների համար դատապարտված անձանց ապաստանի մերժման հնարավորությունը։ Նախատեսվում է, որ «յուրաքանչյուր հարցում կքննարկվի առանձին», եւ իշխանությունները կգնահատեն հանցագործության լրջությունը եւ Մեծ Բրիտանիայի բնակիչների համար հնարավոր վտանգը։

