Մեր կրոնական պարտքն առաջնահերթ է, մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ. Նարեկ Կարապետյան

Վաղը ժամը 16:00-ից մենք խորհրդարանում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ: Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Նա հայտնել է, որ ինքն, իր համախոհներն ու աջակիցները ժամը 16:00-ին կլինեն Էջմիածնի դատարանի շենքի մոտ: Կարապետյանը հավելել է, որ վաղը Էջմիածնի դատարանում ապօրինի գործողություն է տեղի ունենալու: «Հայաստանի իշխանություններն անցնում են ճնշման ամոթալի քայլի, տեղի է ունենալու պատմության մեջ աննախադեպ դեպք. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դատարան է կանչվել որպես մեղադրյալ», — նշել է խմբակցության ղեկավարը:

Պատգամավորը նշել է, որ դատարանն իրավունք չունի որևէ որոշում կայացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ՝ որպես օրինակ բերելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, ով հաճախ է կարգալույծ արել հոգևորականներին, սակայն նրա որոշումները որևէ դատարան չի բողոքարկել:

Կարապետյանը դա անվանել է Սահմանադրության՝ եկեղեցու և պետության անջատման մասին հոդվածի խախտում: «Սա վիրավորում է մեր կրոնական զգացմունքները», — ընդգծել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով