Վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նորից բացահայտեցին նրա քաղաքական մտածողության ոչ միայն աղավաղված, այլև հիվանդագին բնույթը։ Մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոնում կատարվածի վերաբերյալ գնահատականը, Փաշինյանը հայտարարեց, թե իբր Սարգսյանի ամբողջ գործունեությունը միտված է եղել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և սահմանների դեմ։ Սակայն իրականությունն ուղիղ հակառակն է։ Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շփոթել է ինքն իրեն Սերժ Սարգսյանի հետ։ Այն բոլոր աղետները, կորուստներն ու պատմական հարվածները, որ Հայաստանը ստացել է վերջին յոթ տարվա ընթացքում, կապված են բացառապես նրա՝ Փաշինյանի անվան հետ։ Եվ որպեսզի սեփական պատասխանատվությունը թաքցնի, նա փորձում է այդ ամենը վերագրել այն մարդուն, որի պետական գործչի կենսագրությունն ու պետականամետ մոտեցումները կարող են համարվել օրինակելի ցանկացած առաջնորդի համար։ Սերժ Սարգսյանի օրոք մեր պետությունը, բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, կարողացավ պահպանել և ամրապնդել իր դիրքերը թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական հարթություններում։ Նա նպաստեց կարևորագույն ձեռքբերումների, որոնք Հայաստանը բարձրացրեցին միջազգային ասպարեզում։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը բառացիորեն դարձավ այդ ամենի հակապատկերը։ Նրա կառավարման տարիներին Հայաստանը վերածվեց կորուստների ու աղետների շարանի. • Արցախը հանձնվեց թուրքին՝ մեր հայրենակիցներին թողնելով անօգնական ու դարձնելով էթնիկ զտման զոհեր։ • Սյունիքն օտար ազդեցության տակ է հայտնվել, և դրա տարածքային անվտանգությունը մշտապես վտանգված է։ • Հայաստանը հայտնվել է արտաքին պարտադրանքների ու պարտվողական քաղաքականության մեջ։ • Փաշինյանը պատրաստ է թշնամու թելադրանքով նոր Սահմանադրություն ընդունել։ Եվ այս ամենից հետո նա համարձակվում է խոսել ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից։ Նրա ողջ ռազմավարությունը կառուցված է մեկ բանիմաց հնարքի վրա՝ մշտապես սևացնել նախկիններին, մարդկանց աչքին ներկայացնել նրանց իբրև «պարտության ու դավաճանության հեղինակներ» և այդ ձևով սեփական պարտությունները քողարկել։ Փաշինյանը սխալվում է, եթե կարծում է, որ այս անգամ ևս ժողովուրդը կհավատա նրա հերթական խաբեությանը։ Ժողովուրդը տեսել է և զգացել նրա կառավարման դառը հետևանքները։ Նիկոլ Փաշինյանին սպասվում է մեծ անակնկալ. նա չի պատկերացնում, որ այն նույն ժողովուրդը, որին տարիներ շարունակ նսեմացրել ու հիմարացրել է, վաղը հենց ինքն է տալու իր ամենադատապարտիչ ու անխուսափելի գնահատականը: Կարծիք -ի լրագրող Անի Տերտերյան
2025-08-29

