Ռուսաստանը պայմանավորվել է թալիբների հետ Coca-Cola-ի գնման շուրջ

Ռուսաստանը կարգավորել է Աֆղանստանից, որը վերահսկվում է «Թալիբան» իսլամիստական ​​ահաբեկչական խմբավորման կողմից, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքների, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմից հետո ՌԴ-ից հեռացած Coca-Cola-ի, ինչպես նաեւ համեմունքների, թանկարժեք քարերի եւ մետալուրգիայի համար հումքի մատակարարումները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովը։

«Ռուսաստանը գնում է աֆղանական համեմունքներ, գազավորված եւ էներգետիկ ըմպելիքներ, բուժիչ խոտաբույսեր՝ նարդոս, ուրց, սիճուկ։ Դե, իհարկե,  կաթսաներ փլավի համար»,- ասել է նա։

Ժիրնովի խոսքով՝ Աֆղանստանի առաջին արտահանումները Ռուսաստան չրերն ու չամիչն են։ Ռուսաստանը նաեւ գնում է բանջարեղեն ու խաղող, բայց առայժմ քիչ քանակությամբ։ Բացի այդ, սկսվել են Աֆղանստանի հարավային շրջաններից նռան, ինչպես նաեւ աֆղանական զաֆրանի մատակարարումները։ Թալիբները սկսել են նաեւ Ռուսաստան արտահանել քրոմի հանքաքար եւ խտանյութեր, հանքանյութեր, սուտակ եւ զմրուխտ: «Սա ներմուծման մոտ վեցերորդ մասն է»,- պարզաբանել է դեսպանը։

Ռուսական մարկետփլեյսներում արդեն կարելի է գտնել օրիգինալ Coca-Cola-ի արտադրանք Աֆղանստանից: Օրինակ, ըմպելիքի ինը բանկաների հավաքածուն՝ յուրաքանչյուրը 300 միլիլիտր, վաճառվում է գրեթե 700 ռուբլով։ Ինչպես նշել է «ՌԻԱ Նովոստին», երկրում Coca-Cola-ի առաջին գործարանը սկսել է գործել դեռ 2006թ.։ Այն բացել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը։ Գործարանը, որն արտադրում էր տարեկան մինչեւ 120 մլն շիշ գազավորված ըմպելիք, պատկանում էր տեղական Habib Gulzar Non-Alcoholic Beverages Ltd ընկերությանը։

ՌԴ-ի Ուկրաինա ներխուժելուց հետո The Coca-Cola ընկերությունը որոշել է կրճատել իր բիզնեսը Ռուսաստանում եւ դադարեցրել է իր ապրանքանիշներով խմիչքների արտադրությունն ու վաճառքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով