Ռուս-հայկական մեդիա ֆորումի շրջանակներում կայացավ Աշոտ Ջազոյանի «Պետերբուրգ։ Կյանքը քաղաքում…» ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 24-26-ը Երևանում անցկացված «Ռուս-հայկական մեդիա ֆորումի» շրջանակներում տեղի ունեցավ հայտնի լրագրող և ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Պետերբուրգ։ Կյանքը քաղաքում․․․» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Համաժողովը, որը կազմակերպել էր Ռուս-Հայկական Համալսարանը՝ Ռուսաստանի Դաշնության Գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համատեղ, համախմբել էր Հայաստանից և Ռուսաստանից ավելի քան 120 ուսանողների։ Երկու օրվա ընթացքում երկու երկրների երիտասարդ լրագրողների ստեղծագործական խմբերը պատրաստել էին ռուս-հայկական հարաբերություններին նվիրված մեդիա նյութեր։ Այդ նպատակով մասնակիցների համար հայ և ռուս հայտնի փորձագետների վարպետության դասեր են կազմակերպվել, այդ թվում՝ հանդիպում ֆորումի պատվավոր հյուր, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար, «Լրագրողների համագործակցություն» մեդիա կոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանի հետ։ Վերջինս իր երիտասարդ գործընկերներին խորհուրդներ է տվել նյութերի պատրաստման վերաբերյալ և պատմել նման մեդիա արտադրանք ստեղծելու իր փորձի մասին։

Ֆիլմի պրեմիերային Աշոտ Ջազոյանն ասել է, որ այն ստեղծել է միջազգային թիմը, որի կազմում ընդգրկված են եղել երիտասարդ հեղինակներ Հայաստանից, Ռուսաստանից, Արգենտինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Իսպանիայից և այլ երկրներից։ Ֆիլմում ներկայացված են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց պատմություններ՝ ուսուցիչներ, վարորդներ, ճարտարապետներ, ինժեներներ, մեխանիկներ և այլն։ Հերոսների թվում է նաև Պետական ​​Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։ Ֆիլմը ներառում էր ավելի քան 30 կարճամետրաժ կինոնովելներ Սանկտ Պետերբուրգի բնակիչների մասին, որոնց պատմությունների միջոցով ներկայացվել  է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի յուրահատուկ մշակույթն ու մթնոլորտը։

«Հատկապես այսպիսի նախագծերի շնորհիվ է շարունակվում ռուս-հայկական հարաբերությունների մետաֆիզիկան։ Ի վերջո, երկու երկրների երիտասարդության սիներգիան, մարդկային, բարեկամական կապերը, որոնք ամրապնդվում են համատեղ մեդիա արտադրանքի պատրաստման ընթացքում, հիմք են դնում իրական և մեր երկրների միջև շատ ավելի լայնածավալ համագործակցությանը»,- նշել է Աշոտ Ջազոյանը։

Հանդիսականները կարողացան ամբողջովին համակվել Պետերբուրգի ոգով  և ֆիլմը ողջունեցին բուռն ծափահարություններով։ Հենց սա էր ֆիլմի ստեղծողների գլխավոր նպատակը, ցուցադրությունից հետո ասաց Աշոտ Ջազոյանը։ Ռեժիսորը ներկայացրեց նաև թիմի պատասխանատուներից մի քանիսին` օպերատոր Մխիթար Սերոբյանին և մոնտաժող Արթուր Պարսյանին, ինչպես նաև ռուս-հայկական մեդիա ֆորումի թղթակից Եվա Կարապետյանին: Նա նաև ընդգծեց, որ ֆիլմը թարգմանվելու է մի քանի լեզուներով։

ՌՀՀ-ի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը նշեց նման ֆիլմերի արժեքը քաղաքի դրական կերպարի մեդիա խթանման և ընդհանուր առմամբ ամբողջ երկրի զբոսաշրջային ներուժի աճի տեսանկյունից։ Նա բարձրաձայնեց ուսանողների ընդհանուր խնդրանքը՝ նույնպիսի ցնցող ֆիլմ նկարահանել Երևանի մասին, և Աշոտ Ջազոյանը խոստացավ իրականացնել այս նախաձեռնությունը։

Համաժողովի արդյունքներով, Աշոտ Ջազոյանը, որպես ժյուրիի ներկայացուցիչ, մանրամասն վերլուծեց թիմերի աշխատանքը և խորհուրդներ տվեց, թե ինչպես դրանք ավելի որակյալ ու ավելի լավը դարձնել։

Նշենք նաև, որ ֆորումի բացման արարողության շրջանակներում ՌՀՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը նշեց, որ Աշոտ Ջազոյանի շնորհիվ արդեն Հայաստանի և Ռուսաստանի մեդիա երիտասարդներին համախմբելու ավանդույթ է ձևավորվում։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ երիտասարդները միասին աշխատում են երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանն ուղղված նյութեր ստեղծելու ուղղությամբ։ Նա նաև ընդգծեց նման միջոցառումների անցկացման կարևորությունը. «Դժվար ժամանակները մեզ սովորեցնում են, որ բարեկամությունը ձևավորվում է կոնկրետ մարդկանց միջև և հենց այդպիսի հարաբերությունների հիման վրա են հնարավոր երկարաժամկետ կապերը պետությունների և ժողովուրդների միջև»:

Համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյովսկին իր հերթին նշեց, որ հիմնական խնդիրն է համախմբել ակտիվ երիտասարդ մեդիա մասնագետներին, որոնք շահագրգռված են, որ երկու ժողովուրդների միջև պատմական կապերը պահպանվեն և ամրապնդվեն, իսկ Ռուսաստանի և Հայաստանի տաղանդավոր երիտասարդները միշտ կարող են ընդհանուր լեզու գտնել  և միասին լուծել խնդիրները՝ ելնելով իրենց երկրների և ողջ աշխարհի շահերից։

Ըստ նրա, այս գործընթացում առանձնահատուկ դեր է խաղում գիտակրթական համագործակցության օրակարգը, որը լայն և գրագետ լուսաբանման կարիք ունի, և Ռուս-Հայկական համալսարանը, որի պատերի ներսում անցկացվել է ֆորումը, առանցքային տեղ է զբաղեցնում այս համագործակցության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով