Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Երևան, Շերամի 13/3) իրականացված վերահսկողությունը փաստել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
— արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
— արտադրամասի սենքի և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը չի կանխում սննդամթերքի աղտոտման վտանգը,
— արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
— առաստաղի մի մասը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
— սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքայ ին մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
— սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող բեռնարկղերը, պատրաստված չեն եղել հիգիենայի պա հանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

