Սիրիայի ալավիները կիրակի դուրս են եկել առափնյա Լաթաքիա քաղաքի փողոցներ՝ ի նշան բողոքի Հոմսում մզկիթի պայթյունի դեմ, որի հետևանքով երկու օր առաջ ութ մարդ էր զոհվել, հայտնում է AFP-ն։
Հոմս քաղաքի ալավիական թաղամասում իրականացված այս գրոհը կրոնական փոքրամասնության դեմ վերջին հարձակումն էր։
Տարածքում տեղակայվել են անվտանգության ուժեր, որոնք միջամտել են՝ դադարեցնելու բախումները ցուցարարների և հակընդդեմ ցույցի մասնակիցների միջև։ Դեպքին ականատես է եղել AFP-ի թղթակիցը։
Կիրակնօրյա ցույցը տեղի է ունեցել ականավոր հոգևոր առաջնորդ Ղազալ Ղազալի կոչից հետո։ Նա Սիրիայի և արտերկրի ալավիների իսլամական խորհրդի ղեկավարն է, որը շաբաթ օրը մարդկանց կոչ էր արել «աշխարհին ցույց տալ, որ ալավիական համայնքին չի կարելի նսեմացնել կամ մեկուսացնել»։
«Մենք քաղաքացիական պատերազմ չենք ուզում, մենք քաղաքական ֆեդերալիզմ ենք ուզում։ Մեզ պետք չէ ձեր ահաբեկչությունը։ Մենք ուզում ենք ինքնուրույն որոշել մեր ճակատագիրը»,- հայտարարել է նա Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։
Ցուցարարները կրել են Ղազալի լուսանկարները և նրան սատարող պաստառներ՝ վանկարկելով պետական իշխանության ապակենտրոնացման և տարածաշրջանային որոշակի ինքնավարության կոչեր։
Ասադի տապալումից հետո Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը և Հոմս նահանգի բնակիչները հայտնել են փոքրամասնությունների ներկայացուցիչների առևանգումների և սպանությունների մասին։
Երկրում տեղի են ունեցել նաև միջկրոնական բռնության մի քանի արյունալի բռնկումներ։ Մարտին Սիրիայի առափնյա շրջաններում տեղի են ունեցել ալավի խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ, ընդ որում՝ իշխանությունները մեղադրել են Ասադի զինված կողմնակիցներին՝ անվտանգության ուժերի վրա հարձակվելու միջոցով բռնություն հրահրելու մեջ։
Հետաքննության ազգային հանձնաժողովը հայտնել է փոքրամասնության առնվազն 1426 սպանված ներկայացուցչի մասին, մինչդեռ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է ավելի քան 1700 զոհի մասին։ Անցյալ ամսվա վերջին հազարավոր մարդիկ ցույցի էին դուրս եկել ափամերձ շրջաններում՝ բողոքելով Հոմսում և այլ վայրերում ալավիների դեմ նոր հարձակումների դեմ։
Մարտյան արյունահեղությունից առաջ և հետո իշխանությունները ձերբակալությունների զանգվածային արշավ են իրականացրել հիմնականում ալավիներով բնակեցված շրջաններում։ Կիրակնօրյա ցույցի մասնակիցները պահանջել են նաև ազատ արձակել ձերբակալվածներին։
Ուրբաթ օրը սիրիական պետական հեռուստատեսությունը հայտնել է Լաթաքիայում 70 ձերբակալվածի ազատ արձակման մասին՝ «այն բանից հետո, երբ ապացուցվել է, որ նրանք առնչություն չունեն ռազմական հանցագործությունների հետ»։ Նշվել է նաև, որ այլ ազատ արձակումներ ևս սպասվում են։ Չնայած Դամասկոսի հավաստիացումներին, որ Սիրիայի բոլոր համայնքները պաշտպանված կլինեն, երկրի փոքրամասնությունները դեռևս զգուշությամբ են վերաբերվում նոր իշխանությունների օրոք իրենց ապագային, քանի որ վերջիններս մինչև օրս մերժել են ֆեդերալիզմի կոչերը, գրում է AFP-ն։

