Տավուշի հատվածում մեր պաշտպանական գիծը ամենաուժեղն էր, դուք ջարդեցիք այդ իրողությունը. Մամիջանյան

Դուք ձեր հայտարարության կետերից մեկում նշել եք, որ ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում գոյություն ունի, և այստեղ նշել եք, որ 2021 թվականից սկսած թշնամական ուժերը բազմիցս խախտել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրավել են տարածքներ. Սակայն արցախյան առաջին պատերազմից հետո մեր ինքնիշխան տարածք Արծվաշենը մինչև այսօր գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո, ինչո՞ւ այստեղ նշված չի Արծվաշենի մասին, դա ձեր կողմից մատնանշված տարածքային ամբողջականության խաթարում չի՞։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության տեքստի քննարկման ժամանակ նշեց ՔՊ–ական պատգամավոր Անուշ Քլոյանը՝ դիմելով հայտարարությունը ներկայացնող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։

Ի պատասխան Մամիջանյանն ընդունեց, որ դա բացթողում է, եթե լիներ առաջարկ, դա կավելացնեին. «Բայց այս հայտարարության պարագայում, եթե համատեքստի մեջ նայենք, խոսքը պաշտոնական տվյալներով 200 քկմ–ից ավելի մեր ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիայի մասին է։ Այստեղ խոսքը 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանքով տեղի ունեցած մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաների և այդ օկուպացիայի վերացման ուղղությամբ զրո քայլերի կատարման մասին է։

Օկուպացված տարածքները ազատագրելու ընդամենը տարբերակներից մեկն է, այսպես կոչված ուժային տարբերակը, և ես բացարձակ իմ ելույթի մեջ կոչ չեմ անում դրան։ Մենք համարում ենք, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պիտի սկսեին կամ առնվազն առաջնահերթ պիտի ունենային այն տարածքները, որոնք մեր համար կենսական են։ Մեր տարածքները օկուպացված են, բայց արի ու տես, որ սկզբում սահմանազատում-սահմանագծում տեղի ունեցավ այն հատվածում, որը բխում էր Ադրբեջանի շահերից։ Պարզ պատճառով, որովհետև Տավուշի հատվածում մեր պաշտպանական գիծը ամենաուժեղն էր, դա հայտնի փաստ է։ Դուք այդ հատվածում ջարդեցիք այդ իրողությունը, գնալով Ադրբեջանի պահանջով։

Հույս կար, որ գոնե հետո տեղի կունենա օկուպացված տարածքների ազատագրում, բայց դա նույնպես տեղի չունեցավ. ստ հանձնաժողովի հայտարարության, սահմանագծումը սկսելու է Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից ու իջնելու է դեպի հարավ։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն մեր սուվերեն տարածքների ազատագրումը փաստացի, ոնց որ թե կառավարության գործողությունների մեջ առաջնահերթություն չէ»,–ասաց նա։

Անոշ Քլոյանը նկատեց. «Այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ձեր կառավարման տարիներին դուք ոչ չեք արել, որպեսզի մեր Արծվաշեն ինքնիշխան տարածքը վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը»։

Մամիջանյանն էլ հակադարձեց. «2012–2014 թվականներին մեր սահմանը բարելավվել է շուրջ 500 քառակուսի կիլոմետրով Արարատի մարզի հատվածում մինչև Մեղրի։ Մենք դրա մասին չէինք բարձրաձայնում, որովհետև 2020 թվականին ձեր իշխանությունը ամռանը տավուշյան դեպքերը այնպես ներկայացրեց որպես երրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակ, որը առաջացրեց շատ լուրջ խնդիրներ։Չարժեր վեր կենալ ասել՝ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, հիշեցնեմ մեր տարածաշրջանում նաև Իրանն է և Թուրքիան, իսկ դրանից երեք ամիս հետո ասել, որ բանակը պարտվեց»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով