«Տարածաշրջանը կարող է հրկիզվել»․ իրանագետը զգուշացնում է վտանգավոր էսկալացիայի մասին

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է կտրուկ սրվել՝ ստանալով առավել լայն և վտանգավոր ծավալներ։ Վերջին օրերին ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվում է. թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլ նաև էներգետիկ ենթակառուցվածքները, ինչը մեծացնում է տարածաշրջանային լայն պատերազմի ռիսկը։ Փորձագետները նշում են, որ գործընթացները կարող են հանգեցնել նոր, ավելի բարդ մարտահրավերների՝ ներքաշելով նաև այլ դերակատարների։

Իրանագետ Փույա Հոսսեինին նշում է, որ այս փուլում զարգացումները միտված են էսկալացիայի խորացմանը։

«Մենք տեսնում ենք, որ այս փուլում Իսրայելը շատ սադրիչ գործողություններ է իրականացնում, որպեսզի ԱՄՆ-ի համար ռազմական գործողություններից դուրս գալու պատուհան չմնա»,– ասաց իրանագետը։
Նրա խոսքով՝ իրավիճակը դուրս է եկել սահմանափակ թիրախավորումների շրջանակից։ «Եթե նախկինում խոսքը հիմնականում պաշտոնատար անձանց թիրախավորման մասին էր, ապա արդեն անցած գիշեր հասել է նրան, որ թիրախավորվել են Իրանի հարավային հատվածի գազատարները, ինչը լի է լուրջ վտանգներով»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով տարածաշրջանային դերակատարների վարքագծին՝ իրանագետը հիշեցնում է Իրանի նախազգուշացումները. «Իրանը բազմիցս զգուշացրել էր, որ արաբական պետությունները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքը օգտագործվի Իրանի դեմ, բայց, ցավոք, ԱՄՆ-ի ճնշման տակ նրանք չկարողացան դա կանխել և հիմա բախվում են հետևանքներին»։

Խոսելով հնարավոր նոր մարտահրավերների մասին՝ իրանագետը նշում է, որ Իրանը ներկայումս զսպողական քաղաքականություն է վարում, սակայն հակառակ կողմի նպատակները երկարաժամկետ են. «ԱՄՆ-ն և Իսրայելը նպատակ ունեն տասնյակ տարիներով թույլ չտալ, որ Իրանը վերականգնի իր տնտեսությունն ու ռազմական կարողությունները, և հենց այդ տրամաբանությամբ են ընտրվում թիրախները։ Այդ պատաճառով Իրանը շատ ուժեղ է արձագանքում, որպեսզի հասկացնի՝ եթե նման քայլերը շարունակվեն, ողջ տարածաշրջանը կարող է հրկիզվել»։

Իրանագետը նաև թերահավատորեն է վերաբերում արաբական և իսլամական երկրների՝ Իրանին հղած պատերազմը դադարեցնելու կոչերին․ «Ցավոք, արաբական պետությունները շատ սխալ կողմում են կանգնել։ Պատերազմը Իրանը չի սկսել։ Իրենց տարածքները տրամադրելով՝ հենց իրենք են նպաստել այս իրավիճակին և պետք է պատասխան տան»։

Նրա գնահատմամբ՝ պատերազմը չի ավարտվի կարճ ժամանակում։ Եթե ԱՄՆ-ը նախկինում ասում էր, որ ամեն ինչ կավարտվի մի քանի շաբաթում, ապա հիմա պետք է եզրակացնել, որ այն երկարատև է լինելու։ Հոսսեինիի խոսքով՝ իրավիճակի վերահսկողությունն էլ ամբողջությամբ մեկ կենտրոնում չէ։

«Թրամփն այլևս ամբողջությամբ չի վերահսկում այս գործընթացը, և ավելի մեծ դերակատարություն ունի Իսրայելը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը փորձում է ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների օգնությամբ կոալիցիա ձևավորել, որպեսզի ավելի քիչ կորուստներով ավարտի այս պատերազմը»,- նշեց Հոսսեինը։

Միևնույն ժամանակ, ըստ իրանագետի, ցանկացած հնարավոր դադար պետք է ունենա հստակ երաշխիքներ։ «Իրանը պետք է վստահ լինի, որ եթե նույնիսկ պատերազմը դադարի, մի քանի ամիս անց նորից չի սկսվի իր դեմ»,- եզրափակեց խոսքը իրանագետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով