Տիգրան Աբրահամյանը չի բացառում Սամվել Կարապետյանի ստեղծելիք նոր ուժի շուրջ համախմբումը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած նոր ուժի շուրջ համախմբումը կամ համագործակցությունը։ Այս մասին պատգամավորն ասաց այսօր՝ հուլիսի 9–ին, Երեւանի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին ԱԱԾ մեկուսարանից հղած իր ուղերձում Սամվել Կարապետյանն ասել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը։

Տիգրան Աբրահամյանը շեշտեց` նախևառաջ, ոչ թե անձանց շուրջ են համախմբվում, այլ գաղափարի. «Հաշվի առնելով Սամվել Կարապետյանի անձն ու նրա հարաբերությունները ՀՀԿ տարբեր դեմքերի, այդ թվում՝ նաև ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, բնականաբար, կա հնարավորություն առնվազն այս մասով նստելու, խոսելու, քննարկելու և այլն, բայց իրադարձություններից առաջ ընկնելու կարիք այս պահին չկա»,- ասաց Աբրահամյանը։

Նա առաջարկեց սպասել, քանի որ ուժը դեռ պետք է ձևավորվի, պարզ լինի՝ որ ուղղությամբ է շարժվում, ուժի հիմքում գաղափարական և ծրագրային առումով ինչ մոտեցումներ են և այլն։

Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության, 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է և այժմ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով