Քոչարյանի «ցունգցվանգը». ինչպե՞ս փլուզվեց անհաղթի առասպելը

Ռոբերտ Քոչարյանի վերջին դատական ելույթը ոչ թե պաշտպանության փորձ էր, այլ իրական քաղաքական ինքնախաբեության մի նոր դրսևորում: Այն, ինչ ականատես եղանք, դասական շախմատային «ցունգցվանգ» է՝ իրավիճակ, երբ ցանկացած հետագա քայլ միայն վատթարացնում է խաղացողի վիճակը:

Քոչարյանը հայտնվել է իր իսկ հյուսած ստերի ծուղակում: Նրա հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն իր «թեկնածուն չի եղել», ուղղակի ծաղր է հանրային հիշողության հանդեպ: Մարդիկ շատ լավ հիշում են RTVI-ին տված այն հայտնի հարցազրույցը, որտեղ նա, առանց երկմտելու, անկեղծորեն խոստովանել էր, որ հետահայաց հայացք նետելիս իր ամենամեծ ափսոսանքն ու «զղջումը» կապված է հենց իրավահաջորդի ընտրության հետ:

Ինչպե՞ս կարող է մարդը, որը հավակնում է լինել պետական գործիչ, նույն հարցի շուրջ հակասել ինքն իրեն՝ ընդամենը ժամանակի ընթացքում: Պատասխանը պարզ է. նա այլևս չի պայքարում ճշմարտության համար, նա փորձում է փրկել սեփական մաշկը՝ զոհաբերելով մնացած բոլոր սկզբունքները: Սակայն այս «խաղը» այլևս ոչ ոքի չի համոզում: Նրա խոսքերը կորցրել են իրենց քաշը, և այսօր նրան լուրջ չեն ընդունում նույնիսկ իր սեփական քաղաքական թիմում. նրանք տեսնում են, որ առաջնորդը, ով ժամանակին պարտադրում էր իր կամքը, այսօր ստիպված է օրնիբուն հերքել սեփական անցյալը:

Եվ ամենակարևորը՝ այն հեքիաթը, որը տարիներ շարունակ կառուցվում էր նրա շուրջ՝ «երկաթյա» ղեկավարի, սառնասիրտ ռազմավարի և անսասան կերպարի մասին, վերջնականապես տրաքել է: Այդ առասպելն այլևս գոյություն չունի: Մնացել է միայն անհետևողական, անկանխատեսելի և սեփական խոսքերի մեջ կորած մարդ, ով չի կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ իր ժամանակն անդառնալիորեն անցել է:

Քոչարյանն այլևս ոչ թե քաղաքականության «մեծ խաղացող» է, այլ պատմության այն էջը, որը փակվել է իր իսկ արած հակասական հայտարարությունների հետևանքով: Առասպելը փլուզվել է՝ թողնելով մերկ իրականությունը, որում նրա խոսքն այլևս զրոյական արժեք ունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով