Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Քասախում:

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Քասախ համայնքի մոտ: Բնակիչները մտադիր են կրկին փակել Երեւան գնացող մայրուղին: Ոստիկանության ներկայացուցիչը դիմելով ակցիայի մասնակիցներին ասաց, որ ճանապարհ փակելը այլոց իրավունքների ոտնահարում է:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հակադարձեց. «Մենք մեր կառավարությանն ընտրել ենք փողոց փակելով: Մենք շարժվում ենք նույն պահանջով, որով իշխանությանը բերել ենք իշխանության: Հիմա փակում ենք փողոցը: Որեւէ մեկը չի կարող խախտել մեր սահմանադրական իրավունքը»:

Ավելի վաղ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով